Կարեւորը իրավունքը պահելն է

Երբ որեւէ մեկը խոսում է արցախցիների իրավունքների մասին, իշխանությունը միանգամից «շուռ է տալիս» խնդիրը եւ ասում, որ մենք ԱՅՍ ՊԱՀԻՆ ոչ մի հնարավորություն չունենք մեր հայրենակիցներին ուղարկելու իրենց պապական տները: Այսինքն՝ ձեւ են անում, որ ինչ-որ մեկը նման բան է առաջարկում: Այնինչ խոսքը ոչ թե այսօրվա վերադարձի, այլ իրավունքը պահելու մասին է:

Ճապոնիան չի պատրաստվում այս պահին հարձակվել Ռուսաստանի վրա՝ Կուրիլյան երկու կղզիները վերադարձնելու նպատակով, բայց չի էլ հրաժարվում դրանցից: Կարող եմ բերել ավելի թարմ եւ ավելի մոտիկ օրինակ: Վրաստանի կառավարությունը, որին ԵՄ-ն համարում է «ռուսամետ», իրականում պարբերաբար հայտարարում է, որ Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ: Սակայն դա չի նշանակում, որ այսօր Վրաստանը դիվանագիտական կամ, առավել եւս, ռազմական հնարավորություն ունի հետ նվաճելու իր տարածքները: Բայց Վրաստանը պահում է իր իրավունքը, եւ փալասի նման չի փռվում Ռուսաստանի, եւ ի դեպ, նաեւ նույն ԵՄ-ի ոտքերի տակ:

Կարծում եմ՝ երբ այս իշխանությունը գնա (վաղ թե ուշ նման բան տեղի կունենա, այդպես չէ՞), նոր կառավարությունը կլինի իրապես խաղաղասեր, նաեւ՝ խոհեմ ու արժանապատիվ: Մեր դիվանագետներն ու իրավաբանները հսկայածավալ գործ ունեն անելու, երբ կունենան որոշակի քաղաքական առաջադրանք: Խոսքը ե՛ւ ադրբեջանական բանակի իրականացրած հանցագործությունների, ե՛ւ հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման, եւ բռնի տեղահանման, եւ, իհարկե, գերիների մասին է:

Հիմա Փաշինյանը շատ է ուրախանում, որ իր պոտենցիալ քաղաքական մրցակիցները Բաքվի բանտերում են: Նրանք, լայն իմաստով, դատվում են ինքնապաշտպանությանը մասնակցելու համար: Եվ հենց դա՛ է պատճառներից մեկը, որ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը փորձում է քաղաքացիներին համոզել, որ 88-ից սկսած ինքնապաշտպանությունը սխալ էր: Փաստորեն ստացվում է, որ պետք էր թույլ տալ, որ ադրբեջանցիները մորթեն ու խոշտանգեն անզեն հայերին, ինչպես որ դա արել են Սումգայիթում ու Բաքվում:

Այդ անբարո քարոզչությունը կդադարի, երբ այս իշխանությունը կհեռանա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment