Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սեմիհ Յալչինը գրավոր հայտարարություն է տարածել և, հաշվի առնելով ԱՄՆ կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևնագման հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, առաջարկել, որ Թուրքիան «ձեռնամուխ լինի միջուկային զենքի ստեղծման ազգային ծրագրի մշակմանը և իրականացմանը»:
«Ազգայնական շարժում» -ը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանի կոալիցիոն գործընկերն է, և Յալչինի հայտարարությունը առաջին հերթին պետք է գնահատել այդ իրողության համատեքստում:
Դիտարժան է, որ թուրք քաղաքական գործիչը ստեղծված իրավիճակը համեմատել է Կարիբյան ճգնաժամի հետ, երբ ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը կանգնած էին միջուկային պատերազմի շեմին:
Յալչինը հիշեցրել է, որ Ֆրանսիան «միջուկային զենքի սեփական ծրագիր սկսել է իրականացնել այդ ճգնաժամից հետո»: Նա, ըստ այդմ, Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերի ապահովման և ազդեցության հաստատման գրավական է համարել միջուկային զենքի գործոնը:
Այս ֆոնին Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի միանա այդ երկրների միջև անցյալ տարվա սեպտեմբերին կնքված անվտանգության երաշխիքների և ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագրին:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցի հարցման ի պատասխան ասել է, որ «այդ կարգի լուրերը չի մեկնաբանում», իսկ Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հարցումն առհասարակ թողել է անպատասխան:
Այս տեղեկությունը փոխանցել է Turkiye իշխանամետ պարբերականը, որի ներկայացմամբ Bloomberg-ը «միանգամայն հավանական» է գնահատել Պակիստան-Սաուդյան Արաբիա-Թուրքիա ռազմական դաշինքը, որը թույլ կտա «համատեղել պակիստանյան միջուկային զինանոցը, սաուդյան ահռելի չափերի հասած ֆինանսները և թուրքական ռազմաարդյունաբերության հնարավորությունները»:
Ավելի վաղ անվտանգության եւ ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եռակողմ քննարկումներ անցկացրել են Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այդ բանակցությունները եռակողմ և լիարժեք դաշինքի մասին պայմանագրի մակարդակի չեն հասել, բայց դա կորղ է լինել «մարտավարական ընդմիջում»:
Թուրքիան և Ադրբեջանը ռազմական փոխադարձ օգնության մասին Հռչակագիր ստորագրել են դեռևս 2021 թվականին:
Բացառված չէ, որ փաստացի միջուկային տերություն հանդիսացող Պակիստանի հետ ռազմական փոխադարձ օգնություն կնքելու մտադրության մասին թուրքական կողմի թույլ տված արտահոսքը Միացյալ Նահանգներին և Իսրայելին հասցեագրված «զգաստացնող ազդակ է», բայց եւ չի կարելի լիովին բացառել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ կարող է ստանալ Պակիստանի միջուկային «հովանոցի ապահովության» երաշխիքներ:
Ադրբեջանում արդեն փորձագիտական մակարդակով չեն թաքցնում, որ Իրանի կամ Ռուսաստանի կողմից «ինքնիշխանության դեմ ոտնձգությունից» խիստ զգուշավորություն ունեն և քննարկում են «ազգը և բանակը մերձավորարեւելյան սուր ճգնաժամի նախապատրաստելու» հեռանկարը: