Հրանտ Բագրատյան. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մինչեւ ընտրություններ ոչ մի կաթողիկոս էլ չի փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու էությունը չի փոխելու»

Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ չորս սրբազանների դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի նկատմամբ Արեւմուտքի լռության մասին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասաց. «Նիկոլը հո չի կարող վեր կենալ եւ ասել՝ ես սխալվեցի։ Շատերս բողոքում ենք՝ Եվրոպա, ձայն հանիր, Ամերիկա, ձայն հանիր, թե այս մարդն ինչ է անում։ Ձայն հանել են։ Ասվել են ներքին ալիքներով, թե եկեղեցո՞ւն ինչի ես կպնում, սա վերջն է, էս գործն ինչի՞ սկսեցիր, ինչի՞ ինքդ քո տակը ռումբ դրեցիր։ Նիկոլ Փաշինյան, չէ՞ որ մենք՝ Արեւմուտք կոչվածը, քեզ պաշտպանում էինք միայն նրա համար, որ դու հակառուսական ես։ Արեւմուտքն ասել է՝ արգելակիր։ Ալիեւը այդ բանը չէր ասի։ Բացի դա, իր մանկլավիկներն էլ իրեն զեկուցել են, որ իր ռեյտինգից բան չի մնացել»:

Հրանտ Բագրատյանը նաեւ ընդգծեց. «Առայսօր, այդ արշավը սկսելուց յոթ ամիս անց 75 եպիսկոպոսից այդ խնդրին միացել է տասը։ Եվ այդ տասն էլ այս վերջին հավաքին չգնացին, կողքը չկանգնեցին։ Որովհետեւ արդեն ամաչում են։ Վրթանեսը, որը Արցախում թեմի առաջնորդ է, քիչ չէ այն, որ մեղք ունի Արցախը զիջելու հարցում, երբ որ ընդհանրապես բլոկադայի օրերին Արցախում չհայտնվեց էլ, այսօր մտածում է, թե այս ի՞նչ եմ անում, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մի խոսքով, չգնացին, կողքը չկանգնեցին։ Եթե կանգնեին էլ, ասենք՝ 75-ից 10-ը։ Բա մնացա՞ծ 65-ը։

Ես կարծում եմ, որ հիմա Նիկոլը սա ինչ-որ ձեւով կարգելակի։ Ինքը հասկանում է, որ մինչեւ ընտրություններ ոչ մի կաթողիկոս էլ չի փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու էությունը չի փոխելու»:

Իսկ թե ինչու այսքանից հետո հետ չի կանգնում, նախկին վարչապետը մեկնաբանեց այսպես. «Եթե հետ կանգնի, ընտրությունները պարտված է լրիվ։ Մարդիկ կասեն. բա ի՞նչ եղար, բա ինչի՞ ես սենց գործեր ստեղծում։ Սենց էլ պետությո՞ւնն ես պաշտպանում, Հայաստանի սահմաննե՞րը։ Ինչ ասում ես, հակառակն է լինում։ Դրա համար հետ չի կանգնում, որ ձգի մինչեւ ընտրություններ, որ ցույց տա՝ ինքը կատաղի պայքարի մեջ է եկեղեցու հետ»։

Իսկ «Հիսուսին մենակ թողնելու» համար ներողություն խնդրելու հետ կապված Հրանտ Բագրատյանը ասաց. «Հոգեբուժարան»։ Ինքը գժի տեղ է դնում երեք հազար տարվա ժողովուրդ, որը եթե խելքը գլուխը չհավաքի, տարեվերջին չի ունենա պետություն, տարեվերջին երեխաներին գրկած փողոցներն են ընկնելու թուրքական յաթաղանից փրկվելու համար։ Եվ համոզվելու են, որ Եվրոպան մի ձայն չի հանում. Ամերիկան մի ձայն չի հանում։ Ոնց որ այսօր Գրենլանդիան Ամերիկան վերցնում է, եվրոպացիք չեն կարողանում մի հատ դատապարտող բանաձեւ ընդունել։

Սա պետք է հասկանալ։ Հետո չասեք՝ մենք մեղք չունենք, թուրքերը գալիս, մեզ ցեղասպանում են։ Մեղք ունեք։ Ձեզ կարգին պահեք, սիրելի հայրենակիցներ։ Ձեր մի զգալի մասն իրեն կարգին է պահում։ Բայց խորապես հասկացեք. դուք դուրս եք գալիս արժեքների դեմ, որից հետո Հայաստան չկա, հայություն չկա, իդենտիֆիկացիա չկա։ Հայ եկեղեցին առաջին քրիստոնեական եկեղեցին է եւ հայերը այդ հավատն ընդունել են Ա-ՌԱ-ՔՅԱԼ-ՆԵՐԻՑ։ Սա բացառիկություն է, եւ աշխարհով մեկ բոլորը մեզ նախանձում են։ Նույնիսկ կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներն են մեզ նախանձում։ Եվ հիմա դուք դուրս եք եկել ամենասուրբ բանի վրա, որ ունենք։ Եվ դա էլ եք ուզում վերացնել։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը դա թույլ չի տա։ Որովհետեւ նույնն են՝ եկեղեցի, լեզու, մտածողություն։ Եթե սրանք չկան, արդեն հայը չկա։

Մի բան էլ եմ ուզում ասել։ Մենք անընդհատ չենք կարող սպասել, որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հարձակվի, մենք էլ անընդհատ պաշտպանվենք։ Եկեք հանրաքվե անենք, որ խախտվում է մեր սահմանադրական խղճի իրավունքը։ Սովորական մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի գնան եկեղեցի, լսեն պատարագ եւ ծառայություն մատուցեն Քրիստոսին։ Մասնավորապես, մի քանի օր առաջ Թալինում ոմն Տավրոս Սափեյան թույլ չի տվել մարդկանց, որ մտնեն եկեղեցի։ Ու դա պաշտոն էլ ունի։ Եկեք հանրաքվե անցկացնենք։ Ես կոչ կանեի, որ ընդդիմությունը համախմբվեր, շտաբ ստեղծեր եւ հանրաքվե անցկացներ։ Ընդդիմություն, ձեր մեջ մարդիկ կան՝ մտածում են, որ կարող է շատ մարդ չմասնակցել։ Նման հարց չկա։ Բոլորը, երբ եկեղեցու հարցով դիմում ես, անմիջապես դուրս են գալիս եւ արձագանքում են։ Հարաբերակցությունը 80։1 է։ Եվ այդ մեկը, որը 80 անգամ փոքր է 80-ից, փորձում է հաղթել։ Պարզապես, պետք է հակաեկեղեցական աղանդավորական շարժումը «մեխել» տեղում։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, հակաեկեղեցական աղանդավորական շարժում է։ Դա այլեւս Հայ Առաքելական Եկեղեցի չէ, որովհետեւ Վեհափառից դուրս Հայ Առաքելական Եկեղեցի գոյություն չունի»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment