Շվեյցարիայում ձերբակալվել է ​​բարի սեփականատերը, որտեղ Նոր տարվա նախաշեմին 40 մարդ էր մահացել

Շվեյցարական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալվել է ​​բարի սեփականատերը, որտեղ Նոր տարվա նախօրեին հրդեհի հետևանքով 40 մարդ էր մահացել։

Սեփականատերը՝ Ֆրանսիայի քաղաքացի Ժակ Մորետին, ձերբակալվել է, քանի որ իրավապահ մարմինները կարծում են, թե նա կարող է փախուստի դիմել։

Այս շաբաթ պարզվել է, որ բարում վերջին հինգ տարիների ընթացքում հրդեհային անվտանգության ստուգում չի իրականացվել։

Շվեյցարիայի դատախազությունը գործ է հարուցել Մորետիի և նրա կնոջ՝ Ջեսիկայի դեմ, որը բարի համասեփականատեր է։

Վալե կանտոնի դատախազությունը նրանց մեղադրել է անփութության մեջ, որը հանգեցրել է մահվան և վնասվածքների։

«Դատախազությունը որոշել է դիմել դատարան՝ բարի մենեջերին կալանավորելու համար», — ուրբաթ օրը հայտարարել է Վալեի դատախազությունը՝ նկատի ունենալով Ժակ Մորետիին։

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց շվեյցարական «24 Heures» թերթը հաղորդել է, որ Ժակ Մորետին իսկապես կալանավորվել է։

Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի «Le Constellation» բարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ: 116-ը ստացել են այրվածքներ և վնասվածքներ։

Քննիչների տվյալներով՝ հրդեհը սկսվել է բարի նկուղային հատվածից։ Առաստաղի ձայնամեկուսիչ շերտը բռնկվել է հյուրերի շամպայնի շշերին ամրացված բենգալյան կրակներից։

Շվեյցարիայում ուրբաթ սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Կրանս-Մոնտանա հրդեհի զոհերի: Այսօր առավոտյան երկրում նաև մեկ րոպե լռությամբ են հարգել զոհերի հիշատակը: Հնչել են եկեղեցու զանգերը, գնացքներն ու տրամվայները կանգ են առել, օդանավակայանների աշխատանքը կարճ ժամանակով ընդհատվել է։

Leave a Comment