Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են ապրանքների արտահանման հնարավորությունների շուրջ

Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը առաջին արտահանման ժամկետներ դեռ չի նշել։ Ըստ նրա՝ դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։

Հիշեցնենք, որ այսօր Պապոյանը հայտնել էր, որ 2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին:

«2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել»,-գրել է նա:

Leave a Comment