Վենեսուելայի կառավարությունը սկսել է քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը

Վենեսուելայի կառավարությունը սկսել է ազատ արձակել կալանավորներին, որոնց մարդու իրավունքների պաշտպանության խմբերը համարում են քաղբանտարկյալներ․ գրում է BBC-ն։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց 5 քաղաքացի է ազատ արձակվել։ Նրանց թվում է նաև վենեսուելացի-իսպանացի իրավապաշտպան Ռոսիո Սան Միգելը։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցած շաբաթ օրը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայծակնային հարձակման ժամանակ ձերբակալեց նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Նշվում է, որ Վենեսուելայում քաղբանտարկյալների ազատ արձակումն ԱՄՆ-ի վաղեմի պահանջն է։

Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար և ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի եղբայր Խորխե Ռոդրիգեսը պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է, որ «նշանակալի թվով» բանտարկյալներ անմիջապես ազատ կարձակվեն։ Նա, սակայն, չի նշել ազատ արձակվող բանտարկյալների թիվը կամ ինքնությունը։

Ռոդրիգեսի խոսքով՝ երկրի ժամանակավոր կառավարությունը բանտարկյալներին ազատ է արձակում «ազգային միասնության և խաղաղ համակեցության» շահերից ելնելով։

 

Leave a Comment