2024 թվականի օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պետական այցի օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսին երկու նախագահների ներկայությամբ հայտարարել էր, իբր Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը և իբր, առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է։
Հայ Եկեղեցու Ռուսաստանի թեմը արձագանքեց և անհիմն համարեց Ռուս հոգևորականի այդ պնդումները, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չեղավ, թերևս «տեղեկատվությունը» ընդունվեց որպես ի գիտություն։ Հայաստանում այդ «տեղեկատվության» կիրառման փորձ կատարվեց 2026 թվականի հունվարի չորսի երեկոյան։ Այդ օրը ՀՀ վարչապետի կեցավայրում հրապարակայնացվեց «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի անդրանիկ «կոնդակը»։ Հայտարարության մեջ կա մի շատ ուշագրավ կետ, որտեղ, ըստ իս, թաքնված ակնարկ կա Հայոց Եկեղեցու պատմությունը սկսել Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի «ջանքերից» և ոչ թե Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունից։
Եվ ահա Սուրբ և Անմահ Պատարագներից Վեհափառ հայրապետի անունը զեղչելու հարցում, թերևս մտածելով, որ արդեն հաջողել է, հիմա էլ անցել է Հայոց Եկեղեցու Պատմությունից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անունները «զեղչելուն»։ Այլ խոսքով՝ եկավ առաքյալներին Ադրբեջանին «զիջելու» հարմար պահը և նա դա փորձում է անել։ Սա ազգային-եկեղեցական դավաճանություն է, որը անպատիժ չի կարող մնալ, որքան էլ եկեղեցիներում ծունկի գան։ Ի դեպ, ՀՀ վարչապետն ամեն անգամ առիթը բաց չի թողնում նշելու եկեղեցիներում իր «ծնկելու և մեղքերի թողություն ստանալու» մասին։
Երեկվա լրագրողների հետ ճեպազրույցը նույնպես դրա համար բացառություն չեղավ։ Ուստի մեկ անգամ ևս հիշեցնեմ աղանդապետին, որ վերջին ժամանակներում բոլոր այն պատարագներին, որոնց ինքը իր քարավանով մասնակցել է, ոչ մեկը իրական և կանոնական Պատարագ չի եղել, հետևաբար նրա և իր համախոհների եկեղեցում ծունկի գալն ու «հաղորդություն» ստանալը ոչ թե իրենց համար մեղքերի թողություն է համարվում, այլ ճիշտ հակառակը, իրենց բազմաթիվ մեղքերի վրա նոր մեղքեր են ավելանում։ Խնդիրն այն է, որ իր այսօրինակ սրբապղծություններին աղանդապետը մասնակից է դարձնում նաև բազմաթիվ մարդկանց։
Հատկապես տասը եղբայրադավ հոգևորականների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում։ Եղբայրադավ սրբազաններ, ասենք թե նեղացած եք Վեհափառ Հայրապետից, բայց ինչո՞ւ եք մասնակից դառնում սրբապղծություններին։ Չէ՞ որ դրանով դուք ամբողջ ազգին եք փորձության ենթարկում։ Թեև ամբողջ ազգը արդեն ձեզ տիրադավ է հռչակել, բայց, ըստ իս, դուք դեռ չեք հատել այդ սահմանը։ Առայժմ գտնվում եք եղբայրադավության սահմանին, բայց նկատի ունեցեք, որ շատ մոտ եք կանգնած տիրադավության ու հայրենադավության սահմանին։ Եվս մեկ քայլ և կհայտնվեք այնտեղ և արդեն ձեր մասին խոսելն անգամ ավելորդ կլինի։ Հեռու մնացեք այդ մարդուց։ Նա չարիքի խորհրդանիշն է և անուղղելի աստվածուրաց։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
