Ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով կառավարության այսօրվա նիստին Փաշինյանի հայտարարություններին՝ գրում է

«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը 2018 թվականից ի վեր աճել է 50 տոկոսով»: Ներեցեք, բայց սա ևս՝ չկրթված, անգետ մարդկանց համար արվող հայտարարություն է: Հայտարարություն, որի «հասցեատեր» կամ «սպառող» կարող է լինել միայն մարդը, որը կամ պարզապես «ի պաշտոնե» է հակված սպառել՝ այսինքն «ի գրպանե», կամ էլ մարդը, որի համար Նիկոլ Փաշինյանի ցանկացած տառ անգամ վերին ատյանի և անառարկելի ճշմարտություն է, անկախ, թե ինչ տառ է ու ինչ համատեքստում արտաբերված։ 

Ի վերջո, կար չէ՞ այդպիսի պատգամավորուհի, որը կարծես թե մինչ այժմ խորհրդարանում է, բայց հայտաարարել է, թե չի լինի նոր ցուցակում, որովհետև որոշել է գնալ բիզնեսի դաշտ: Այդ պատգամավորուհին էր 2018 թվականին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի փոխարեն դատարկ թուղթ էլ բերեր, ինքը կարժանացներ այն հավանության:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չնայած բոլոր մարտահրավերներին՝ տնտեսությունն աճել է 50  տոկոսով՝ 7 տարիների ընթացքում:

Այո, եղել են մարտահրավերներ՝ կորոնավիրուս և պատերազմ: Սա անհերքելի է: Ընդ որում, կորոնավիրուսը մարտահրավեր է եղել ընդհանրապես համաշխարհային տնտեսության համար, բոլոր երկրների համար՝ անխտիր:

Ինչ  վերաբերում է պատերազմին, ապա այն իհարկե բացի ընթացիկ ծախս պահանջելուց, նաև բերել է հետևանքների, որոնք Հայաստանի համար տնտեսական կարևորագույն ռեսուրսային ուղղություններ «թողել» է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բայց, ինքնին պատերազմի մարտահրավերի հարցում կա մի շատ մեծ  հարց՝ իսկ որքա՞ն է դրանում հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական իշխանության դերն ու պատասխանատվությունը: Սա թե ուղիղ, թե նաև հռետորական հարցադրում է, որովհետև պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը լինելով իշխանություն՝ գլխավոր պատասխանատուն է այդ «մարտահրավերի» հարցում:

Այդ ամենով հանդերձ, եթե եղել է կորոնավիրուս ու պատերազմ, ապա հետո էլ եղել է ուկրաինական պատերազմ: Իսկ այդ մի պատերազմը Հայաստանի տնտեսության համար եղել է ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն, և դատելով մի շարք հանգամանքներից՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմների տնտեսական մարտահրավերի համեմատությամբ՝ թերևս էապես ավելի մեծ ու «շահութաբեր» հնարավորություն, որ շարունակվում է արդեն գրեթե չորս տարի:

Արդեն չորս տարի այդ պատերազմը ձևավորել է այնպիսի արտաքին կոնյուկտուրա, որը օգնել է մի քանի գործոնների բերումով անգամներով ավելացնել Հայաստանի տնտեսության ծավալներն ու վիճակագրությունը: Կրկնեմ՝ դա շարունակվում է արդեն չորս տարի:

Եվ, եթե սրան էլ վելացնում ենք այն, որ 2018-ից ի վեր եղել է գնաճ, իսկ վերջին տարիներին էլ բավականին բարձր գնաճ, ինչպես նաև ավելացնենք կրկնապաատկված պետական պարտքը, ապա կարող ենք հանգիստ արձանագրել, որ 2018-26 թվականներին Հայաստանի տնտեսության 50 տոկոս աճը գործնականում որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստանում վարվող ինչ որ հմուտ քաղաքականությամբ: Եվ ավելին, հմուտ քաղաքականության դեպքում, տնտեսության ցուցանիշները պետք է լինեին անգամներով ավելի, իսկ պետական պարտքը՝ զգալիորեն պակաս»։

Leave a Comment