Դանիան Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում կգործի «նախ կրակիր, հետո հարցեր տուր» սկզբունքով: Ինչպես նշում է The Telegraph-ը , այս կանոնն ամրագրված է Դանիայի թագավորության պաշտպանական մարտավարությունում:
Դանիայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է 1952 թվականից գործող կանոնակարգի մասին, որով Գրենլանդիայում գտնվող զինծառայողներից պահանջվում է «անմիջապես» կրակ բացել թշնամու ներխուժման դեպքում՝ առանց հետագա հրամանների սպասելու: Այս կանոնակարգը գործում է ցանկացած հնարավոր սպառնալիքին արագ արձագանքելու համար:
Ավելի վաղ եվրոպացի դիվանագետները զգուշացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարությունները։
Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վերաբերյալ՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավման դեպքում։
Գրենլանդիան բաց է կղզում լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու քննարկումների համար՝ կղզու ռազմավարական նշանակության վերաբերյալ պնդումների և Վաշինգտոնի կողմից սպառնալիքների ֆոնին։
Եվրոպացի դաշնակիցները շտապ խորհրդակցություններ են վարում, թե ինչպես արձագանքել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հնարավոր հարձակմանը, որն, ըստ փորձագետների, կարող է նշանակել ՆԱՏՕ դաշինքի ավարտը։
«Ցանկանում ենք քայլեր ձեռնարկել, բայց դա անել մեր եվրոպացի գործընկերների հետ միասին»,— խոսելով ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վրա վերահսկողություն հաստատելու դեպքում Եվրոպայի հնարավոր արձագանքի մասին՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
Նա նաև նշել է, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հավաստիացումներ է ստացել, ըստ որոնց Վաշինգտոնը «ներխուժում» չի ծրագրում։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը հաստատեց, որ դա կիրառվող մոտեցումը չէ… նա բացառեց Գրենլանդիա ներխուժման հնարավորությունը»,— ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Reuters-ի փոխանցմամբ՝գործակալությանը գերմանական կառավարության աղբյուրը հայտնել է, թե «Գրենլանդիայի հարցով հաջորդ քայլերի շուրջ Գերմանիան սերտորեն աշխատում է եվրոպական այլ երկրների և Դանիայի հետ»։
Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ պարոն Ռուբիոն նաև ԱՄՆ քաղաքական գործիչներին տեղեկացրել է, որ Գրենլանդիայի հասցեին հնչող սպառնալիքները մոտալուտ ներխուժում չեն նշանակում, և նպատակը կղզին գնելն է։
Սակայն WSJ-ի հրապարակումը և Ռուբիոյի հավաստիացումները հակասում են Թրամփի մամուլի խոսնակ Կարոլին Լևիթի հայտարարությանը, որն ասել էր, թե ռազմական գործողությունը «միշտ տարբերակ է»։
Միևնույն ժամանակ Washington Post-ը հայտնել է, թե ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի գործընկերների հետ քննարկում են Գրենլանդիայի վերահսկողության հարցը որպես «կոնկրետ» հնարավորություն։
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն Գրենլանդիա ներխուժի, Եվրոպայի ՆԱՏՕ անդամների «թշնամին» կդառնա։
«Ոչ մի դեպքում Եվրոպան չպետք է ընդունի որևէ վնաս եվրոպական ինքնիշխանությանը»,— ասել է դը Վիլպենը Bloomberg TV-ին՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի կողմից մյուսի վրա հարձակումը նախադեպ չունի։
«Եվ եթե Դոնալդ Թրամփն առաջ գնա, ԱՄՆ-ի կարգավիճակը հակառակորդից կամ մրցակցից կփոխվի թշնամու»,— ասել է նա։ «Դա կլինի հսկայական պատմական փոփոխություն»։
Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու մասին: Նահանգապետը հետագայում հաստատեց կղզին բռնակցելու ԱՄՆ մտադրությունը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Ռասմուսենն այդ ժամանակ հայտարարեց, որ ինքը խիստ վրդովված է ԱՄՆ նոր հատուկ դեսպանորդի հայտարարություններից և կկանչի Կոպենհագենում ԱՄՆ դեսպանին՝ բացատրություն պահանջելու համար:
Ապա Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարեցին, որ ԱՄՆ-ից հարգանք են ակնկալում իրենց ընդհանուր տարածքային ամբողջականության նկատմամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: