«Ես օրենքի փոփոխություն եմ առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ Կոնգրեսը ֆինանսապես չի սատարի Գրենլանդիայում ապօրինի եւ անպետք ռազմական գործողության, որը միայն նպատակ ունի հագեցնելու բռնապետ դառնալու իղձ ունեցողի իշխանատենչ էգոն»։
Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Արիզոնան ներկայացնող Ռուբեն Գայեգոն՝ ընդդիմանալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի Թագավորությանը պատկանող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու մտադրությանը։ Գայեգոյի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի կանխել Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու հնարավորությունը։
«Թրամփը ներշնչված է Վենեսուելայում իր ապօրինի գործողությամբ եւ պարծենում է մեր երիտասարդ տղամարդկանց եւ կանանց նվաճման նոր հիմար պատերազմներ ուղարկելու հնարավորությամբ։ Գրենլանդիան կարող է հաջորդը լինել», – գրել է սենատորը։
Դելավերից դեմոկրատ սենատոր Լիզա Բլանթ Ռոչեստերը աջակցություն է հայտնել Գայեգոյի օրենսդրական նախաձեռնությանը։
X-ում Ռոչեստերը գրել է․ «Բարձր գները հասցեագրելու փոխարեն Թրամփը սպառնում է մեր դաշնակիցներին եւ վտանգում մեր զինվորներին։
Այս ամենը Ամերիկան բոլորովին ավելի անվտանգ չի դարձնում։ Ես սենատոր Ռուբեն Գայեգոյի կողքին եմ։ Կոնգրեսը պետք է միջամտի եւ թույլ չտա այս նախագահին՝ էլ ավելի վնաս հասցնել մեր ազգային անվտանգությանը»։
«Մարդիկ զայրանալու են»
CNN-ի հետ զրույցում Գայեգոն պնդել է, թե նախագահ Թրամփը չի գործում «առաջնահերթ՝ Ամերիկան» սկզբունքով։
«Մարդիկ զայրանալու են։ Նրանք շարունակում են դժվարություններ ապրել։ Նրանց խոստացվել էր, որ այս մարդն առաջին հերթին կենտրոնանալու էր ամերիկյան հայրենիքի վրա։ Հիմա նա կենտրոնացած է, առաջին հերթին, Թրամփի (ինքն իր վրա – հեղ․), երկրորդ հերթին, նավթային ընկերությունների տնօրենների, իսկ վարձավճար մուծող ամենօրյա ամերիկացին իր ցանկում ութերորդ կամ իններորդ տեղում է»։
Սառուցյալ կղզին ձեռք բերելու համար ռազմական միջամտության դիմելու մասով դեմ են արտահայտվել Ներկայացուցիչների տան խոսնակ, Թրամփի դաշնակից Մայք Ջոնսոնն, այլ հանրապետական առաջնորդներ։
Ռուսական եւ չինական սպառնալիքը
Ավելի վաղ նախագահ Թրամփը Գրենլանդիայի ձեռքբերումը համարել էր ազգային անվտանգության անհրաժեշտություն։
«Նրա ռազմավարական կարեւորությունն այնքա՜ն մեծ է։ Գրենլանդիան հիմա շրջապատված է ռուսական եւ չինական նավերով։ Գրենլանդիան մեզ պետք է՝ ազգային անվտանգության տեսանկյունից», – լրագրողների հետ կիրակնօրյա ճեպազրույցում ասել է Թրամփը։
Այսօր նախագահն իր ստեղծած Truth Social հարթակում գրել է, որ «միակ երկիրը, որից Չինաստանն ու Ռուսաստանը վախենում եւ որին հարգում են Դոնալդ Ջոն Թրամփի վերակառուցած ԱՄՆ-ն է»։
«ԱՄՆ զինուժի գործադրումը միշտ էլ տարբերակ է»․ Սպիտակ տան խոսնակ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լեւիթն էլ երեքշաբթի հայտարարել էր, որ Գրենլանդիայի ձեռքբերումն ԱՄՆ-ի առաջնահերթություններից է՝ այս համատեքստում նշելով, որ «ԱՄՆ զինուժի գործադրումը միշտ էլ տարբերակ է»։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ կոնգրեսականների օրերս տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը մտադրություն չունի ներխուժել Գրենլանդիա, փոխարենը քննարկում է կղզին գնելու հնարավորությունը։
ԱՄՆ-ը հարձակումը կդադարեցնի ՆԱՏՕ-ի գոյությունը․ Դանիայի վարչապետ
«Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ», – օրերս վերահաստատել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում գործել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի վրա, ամեն ինչ կանգ կառնի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն եւ այն անվտանգությունը, որն ապահովված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։
«Երբ Միացյալ Նահանգների նախագահն ասում է՝ «մեզ Գրենլանդիան է պետք» եւ կապում է մեզ Վենեսուելայի ու ռազմական միջամտության հետ, դա պարզապես սխալ չէ, դա անհարգալից վերաբերմունք է»։ Սա էլ Գրենլանդիայի վարչապետի՝ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի դիրքորոշումն է։
Թրամփի նվաճողական նկրտումները նորություն չեն
Գրենլանդիայի նկատմամբ նվաճողական նկրտումներ Թրամփի մոտ նշմարվել են իր պաշտոնավարման դեռեւս առաջին ժամանակահատվածում։ Վերընտրվելուց հետո նա վերակենդանացրեց ոչ միայն Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու նկրտումը, այլեւ հռչակեց հյուսիսային հարեւան Կանադան ԱՄՆ «51-րդ նահանգ» դարձնելու նպատակահարմարության մասին։ Թեպետ Կանադայի շուրջ կրքերը մի քանի ամսում հանդարտվեցին, Գրենլանդիայի հարցում Միացյալ Նահանգներն ավելի վճռական է։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: