Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր, ֆրանսիական Figaro թերթին հղում անելով՝ հայտնում է Ինտերֆաքսը:
Ստորագրումը տեղի է ունեցել Փարիզում «Կամավոր երկրների կոալիցիայի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Մակրոնը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու հրադադարի մոնիթորինգի մեխանիզմներին։
Սթարմերն, իր հերթին, հայտարարել է, որ մտադրության մասին հռչակագրի ստորագրումը «նշանակում է Ուկրաինա զորքեր ուղարկելու տարբերակի իրավական նախապատրաստման աշխատանքների սկիզբը»։ Նա ենթադրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարող են «ռազմական կենտրոններ» ստեղծել Ուկրաինայի տարածքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցություններում առաջընթացի մասին ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: