Ի՞նչ կարելի է սպասել երկրին հակառակ կողմից նայող առաջնորդից, որը հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ Քրիստոսին ինքը մենակ էր թողել

Իրանի Իսլամական Հանրապետությունում և այլ պետություններում տեղի ունեցող իրադարձություններին հայաստանյան տեղեկատվական դաշտը շատ պասիվ է արձագանքում։ Փոխարենը լրահոսը ծանրաբեռնված է ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված հակաեղեցական գործողություններին վերաբերող բազմաթիվ լուսաբանումներով ու մեկնաբանություններով։

Հայրենադավների ու եղբայրադավների սրբապիղծ գործողություններին հակահարված տալուն պատրաստ լինելով հանդերձ՝ չպետք է անտեսենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող միջազգային քաղաքական օրակարգերը։ Մեր քաղաքական վերլուծաբանները, տնտեսագետները, քաղաքական գործիչները ավելի նպատակահարմար կլիներ, եթե մի փոքր կտրվեին ներքաղաքական խմորումներից, հատկապես Եկեղեցու հետ կապված խնդիրներում։ Այստեղ ամեն ինչ արդեն պարզ է։

Գենադի Մնացականյան

Տեղեկատվական պատերազմը այս դաշտում իր վերջին փուլն էլ անցավ երեկվա «ուղտերթով»։ Ի դեպ, սրանք միայն ուղղագրական սխալներ չեն, այսպիսի ուղղագրական սխալները փաստում են, որ հայրենադավները չեն հասկանում այդ բառի իմաստը։

Նույնն է նաև «Սրբության Սրբոց» արտահայտությունը։ Գլխավոր հայրենադավը շատ է սիրում այս բառակապակցությունը։ Այն վերագրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ասում է «Սրբության Սրբոց Մայր Աթոռ» և այլն։ Նա և իր քարավանը առանց հասկանալու դրա իմաստը՝ այդպես են ասում, մինչդեռ ոչ թե «Սրբության Սրբոց» է, այլ Սրբություն Սրբոց է, այստեղ «Սրբոց» բառը նշանակում է «Սուրբերի», որոշ դեպքերում՝ «Սրբությունների», այսինքն` Սուրբերի համար։ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ասելով մեր հավատքն ենք արտահայտում առ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Սուրբերի համար էլ Սրբություն է։ Իսկ ի՞նչ են հասկանում «ուխտաերթեր» կազմակերպող հայրենադավները՝ դժվար է ասել։

Իշխանական քարավանը այլևս հոգեվարքի մեջ է և անկանոն շարժումներ է անում։ Ի՞նչ կարելի է սպասել երկրին հակառակ կողմից նայող առաջնորդից, որը հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ Քրիստոսին ինքը մենակ էր թողել։ Այս արտահայտությունն էլ «ուղտերթի», «ուխտաերթի» և «Սրբության Սրբոց» – ի շարքից է, սակայն ավելին չանդրադառնանք նորահայտ աղանդին ու նրա եղբայրադավ տասնյակին, թողնենք «իրենք իրենց յուղի մեջ տապակվեն»։

Ինչպես վերը նշեցի, առավել ուշադրություն դարձնենք մեր շուրջը տեղի ունեցող այլ իրադարձություններին, իսկ Եկեղեցու հետ կապված հարցերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ըստ անհրաժեշտության ուղերձներ և հորդորներ է հղում, որոնք մեզ համար պետք է ուղեցույց հանդիսանան մեր քայլերը տրամաբանական հաջորդականությամբ կատարելու համար։

Աստված հայ ազգին երբեք չի զրկի Իր նախախնամությունից և ամեն բան կտնօրինի ճիշտ ժամանակին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment