Հունվարի 1-ից սկսած աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, որի համաձայն  աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կարգավորումը գործատուների և աշխատողներին հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես կլինի պայմանագրի օրինակելի ձև՝ բացառելով օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերը։

Սարգսյանը նշեց, որ էլեկտրոնային պայմանագրերի ձևերում նշված է պարտադիր լրացման տողերը և դրանց լրացման ուղեցույցները, իսկ աշխատողը հենց ստորագրի պայմանագիրը, անմիջապես այն կստանա։

Պետական պաշտոնյան հավելեց, որ գործընթացի թվայնացումը կհեշտացնի տեսչական վերահսկողության գործընթացը և կբացառվի ստուգման ժամանակ հետին ամսաթվով աշխատանքային պայմանագրերի ներկայացումը։

«ՋԻ սոլյուշնս» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանն էլ ասաց որ 2025 թվականի հոկտեմբերից կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո 433 պայմանագիր է ներբեռնվել համակարգ, 1500 պայմանագիր էլ պատրաստվել է, բայց դեռ չի ստորագրվել։

Ժորա Սարգսյանը հավելեց, որ մինչև 2026 թ դեկտեմբերի 31-ը կառավարությունը ժամանակ է սահմանել նախկինում կնքված բոլոր թղթային աշխատանքային պայմանագրերը մուտքագրել էլեկտրոնային հարթակ։

Leave a Comment