ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։
Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի Միացյալ Նահանգներ՝ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք ծրագրի համաձայն։
«Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, և ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ այս գումարը՝ ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին», – ասել է Թրամփը։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հիմնվելով վենեսուելական նավթի վերջին գների վրա, գործարքի գումարը կարող է կազմել մինչև 1,9 միլիարդ դոլար։ Ամերիկացի պաշտոնյաները դեռ պետք է մշակեն վենեսուելական նավթի առգրավման իրավական հիմքերը, թեև ԱՄՆ-ն մեղադրել է վենեսուելական տանկերներին իրանական և վենեսուելական նավթի տեղափոխման ընթացքում ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։
Թրամփը նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ն կօգնի վերականգնել երկրի նավթային ենթակառուցվածքները՝ ի շահ այնպիսի խոշոր նավթային ընկերությունների, ինչպիսիք են Exxon Mobil-ը և ConocoPhillips-ը, որոնք տուժել էին նախկին նախագահ Հուգո Չավեսի կողմից վենեսուելական նավթի ազգայնացման արդյունքում, ինչպես նաև Chevron կորպորացիան, որը շարունակում է գործել այնտեղ։
Ակնկալվում է, որ ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները Սպիտակ տուն կայցելեն արդեն հինգշաբթի օրը՝ Վենեսուելայում իրականացվելիք ներդրումները քննարկելու համար։ Այս մասին գործակալությանը հայտնել են ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ։
Աղբյուրը՝ news.am

