Մեծ տերությունների «հումանիզմին» հավատալը միամտություն է
Երբ ես գրում էի, որ ԱՄՆ-ն նույնքան իրավունք չուներ հարձակվելու Վենեսուելայի վրա, որքան Ռուսաստանը՝ Ուկրաինայի վրա, ես կանխատեսում էի, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայ երկրպագուները կսկսեն ինձ հետ վիճել ու կպնդեն, որ իրենց հավանած երկիրը արդար է, ճիշտ է վարվել, իսկ չհավանածը՝ սխալ: Այդ կանխատեսումն իրականացավ, եւ այնպես ստացվեց, որ այս անգամ ավելի մեծ ակտիվություն դրսեւորեցին ռուսամետ ընթերցողները: Նրանք հիշեցնում են ինձ 2014 թվականին Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, իրենց կարծիքով, բավարար հիմք էին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար:
Ինչի՞ մասին է խոսքը: «Երկրորդ Մայդանից», այսինքն՝ ռուսամետ ղեկավար Յանուկովիչին տապալելուց եւ Ուկրաինայում «եվրոպամետ» իշխանության հաստատումից հետո Օդեսա քաղաքում ցույցի՝ «հակամայդանի» էին դուրս եկել ռուսալեզու ակտիվիստները: Տեղի ունեցան բախումներ, որոնց ընթացքում այդ ցուցարարները ստիպված էին թաքնվել այդ քաղաքի Արհմիությունների տանը: Այնտեղ հրդեհ սկսվեց, մուտքերն արգելափակված էին, եւ շատ մարդիկ չկարողացան դուրս գալ: Արդյունքում զոհվեց 48 հոգի, վիրավորվեց 200-ը: Անկախ նրանից՝ դա միտումնավոր էր արվել, թե պատահականություն էր, մեղքն, անշուշտ, Ուկրաինայի այն ժամանակվա իշխանություններին է: ՄԻԵԴ-ն էլ, ի դեպ, 2025 թվականին եկավ եզրակացության, որ այդ իշխանությունները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել՝ մարդկանց մահը կանխելու, իսկ հետագայում՝ արդյունավետ քննություն անցկացնելու ուղղությամբ: Արդյոք դա իրավո՞ւնք էր տալիս Ռուսաստանին՝ հարձակվելու եւ հարյուր հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ սանձազերծելու համար: Միանշանակ՝ ոչ:
Օդեսայում կատարված ենթադրյալ հանցագործությունը, սակայն, որեւէ համեմատության եզր չունի այն ոճրագործությունների հետ, որ իրականացրել են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը վերջին տասնամյակների ընթացքում: Միայն Իրաքում 2003-2016 թվականներին ամերիկյան զինուժի գործողությունների արդյունքում գրանցվել է, փաստագրվել է ավելի քան 180 հազար խաղաղ բնակչի մահ: Ընդ որում, կան դեպքեր, որոնք հնարավոր չէ «սխալմունք» կամ «թյուրիմացություն» անվանել:
Հայտնի է օրինակ, այսպիսի զարհուրելի մի պատմություն. 2005 թվականին իրաքյան Հադիթա գյուղում ի պատասխան մեկ ամերիկացի զինվորի սպանության ԱՄՆ զինծառայողները դիմահար կրակով սպանել են 24 խաղաղ բնակչի՝ երեխաների, կանանց, ծերերի: Հետագայում այդ զինվորներից ոչ մեկը ԱՄՆ-ում սպանության համար չէր դատապարտվել:
Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանն ավելի «հումանիստական եղանակով» է պատերազմ վարում: 2022 թվականին փետրվար-մարտին ՌԴ զինուժը բռնազավթել էր Կիեւի արվարձանում գտնվող Բուչա քաղաքը: Այնուհետեւ, մոտ մեկ ամիս այց ռուսաստանյան զորքերն այնտեղից դուրս էին եկել: Երբ Բուչա էին մտել ուկրաինացի զինծառայողները, նրանք փողոցներում ու բակերում տեսել էին խաղաղ բնակիչների տասնյակ դիակներ՝ խոշտանգումների եւ հրազենային վիրավորումների հետքերով: Նույն վիճակում էին զանգվածային գերեզմանները: Քննությանը ցույց տվեց, որ խոշտանգումներ են իրականացվել կանանց եւ երեխաների հանդեպ:
Ինչու եմ ես այդ սահմռկեցուցիչ օրինակները բերում: Ցույց տալու համար, որ ոչ մի տեղ, ոչ մի երկրում, աշխարհի ոչ մի անկյունում չկան բարոյականությունը, հումանիզմը, խաղաղությունը մարմնավորող ռեժիմներ: Իսկ եթե խոսքը մեծ տերությունների մասին է, ապա դրանք գործում են առավել մեծ ցինիզմով, երեսպաշտությամբ, միջազգային օրենքների առավել ակնառու խախտումներով:
Ինչպես պետք է վարվենք մենք՝ տերություն չհանդիսացող երկրների բնակիչներս: Կարծում եմ՝ չփնտրենք օտար տերություններում բարոյականության կամ թեկուզ առաջադիմության ինչ-որ «խարիսխներ»: Առաջնորդվենք բացառապես մեր շահերով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: