ArCa քարտերով cashback-ի մասին. Հայկազ Ֆանյան

ArCa քարտերով cashback-ի մասին. Հայկազ Ֆանյան

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ArCa քարտերով cashback-ի արդյունավետության խնդրին։ Տնտեսագետի վերլուծությունը ներկայացնում ենք մասնակիորեն․

«Տարեվերջին կառավարության որոշմամբ սահմանվեց ArCa քարտերով cashback-ի պայմանները, որը գործելու է 2026թ-ի ընթացքում, ըստ այդմ՝ անկանխիկ գործարքների ծավալի 2%-ը վերադարձվելու է հաճախորդներին, որից 1%-ը ArCa վճարային համակարգի կողմից, մնացածը կառավարության, ընդ որում՝ ArCa-ի մասնաբաժինը չի կարող գերազանցել 3.5 մլրդ դրամը, իսկ եթե գործարքների ծավալը 350 մլրդ դրամից ավել լինի, ամբողջ բեռն իր վրա կկրի պետական բյուջեն… հարկ է նշել, որ 2026թ-ի պետբյուջեում այս միջոցառման համար պլանավորված է միայն 3.5 մլրդ դրամ․․․

Տրամաբանությունը հուշում է, որ չէր կարող կառավարությունը պարզապես 3.5 մլրդ դրամ հատկացներ միայն անկանխիկ գործարքների խթանմանը, դրա միջոցով փորձ է արվում ստվերը կրճատել։ Հիմա եկեք տեսնենք ինչքանով է դա արդյունավետ՝

2025թ-ի հունվար-նոյեմբերին ՀԴՄ-ներով (բացառությամբ տաքսիների) գործարքների ծավալը կազմել է 2.88 տրիլիոն դրամ, որից՝ անկանխիկ գործարքները 1.07 տրիլիոն դրամ (~ 37.3%), դրանից ըստ մեր գնահատականի մոտ 11.2%-ն էլ ArCa քարտերով․․․

Ըստ այդմ, ենթադրաբար, եթե որևէ խթանման միջոցառում չլիներ 2026թ-ին ՀԴՄ-ներով շրջանառությունը կլիներ մոտ 3.7 տրիլիոն դրամ, անկանխիկ շրջանառությունը՝ 1.52 տրիլիոն դրամ, իսկ ArCa քարտերով մոտ՝ 170 մլրդ դրամ․․․

Հիմա եկեք ենթադրենք, թե այս միջոցառման արդյունքում ինչ կարող է լինել՝

Դիցուք, ArCA-ի քարտերի մասնաբաժինը կավելանա և շրջանառությունը կկազմի 350 մլրդ դրամ, սա նշանակում է, որ cashback-ը պիտի կազմի 7 մլրդ դրամ, որից կառավարության մասնաբաժինը` 3.5 մլրդ դրամ (կառավարության սցենարն է),

 ArCa քարտերով շրջանառության ավելացման արդյունքում տնտեսվարողների (merchant-ների) զուտ շահույթը միջնորդավճարների տարբերության հաշվին կավելանա շուրջ 1.8 մլրդ դրամով (տարբերությունը ընդունենք 1%), որից շահութահարկը կավելանա մոտ 324 մլն դրամով, դիցուք այդ հավելյալ 1.476 մլրդ դրամից էլ կեսը կբաժանվի սեփականատերերին որպես դիվիդենտ, ինչի արդյունքում պետբյուջեի մուտքերը կավելանան մոտ 37 մլն․-ով։

Դիցուք, շահութահարկի և ԱԱՀ-ի գումարային էֆեկտիվ բեռը 18% է, սա նշանակում է, որ այս միջոցառման շնորհիվ ստվերի կրճատումը պետք է կազմի առնվազն 17.5 մլրդ դրամ (մոտ 0.5%), որ միջոցառումը համարվի ծախսարդյունավետ (efficient), ինչն ըստ իս հնարավոր է սցենար է․․․․ »։

Նշենք, որ ոչ բոլոր գործարքներն են ընդգրկվելու այս միջոցառման հաշվարկներում․ մասնավորապես հետվճար չի հաշվարկվելու կոմունալների, հեռահաղորդակցության ծառայությունների, տարբեր բաժանորդագրությունների դեպքերում և այլն։

Leave a Comment