«Ես անձամբ և մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս պարոն Նիկոլին՝ որպես վարչապետ»,-Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա խախտման, դավաճանման մեջ է․ «Իր սեփական երդումը՝ որպես վարչապետ առոչինչ է։ Իսկ սրբազաններն իրենց համոզելով, որ աստվածատուր առաքելության մեջ են, ինչ-որ բան նորոգելու մեջ են, մոռացել են սեփական բարեվարքության կանոնները։ Ուղղակի այդ մի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել՝ կապ չունի՝ ինչ պատճառներով»։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապագա պատմագրության մեջ նրանց՝ որպես նզովքներ, ոսոխներ են համարելու։
Իսկ թե ինչու են եպիսկոպոսներն այդ քայլին գնացել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Հնարավոր է՝ ծառայության ընթացքում Կաթողիկոսի հետ անձնական խնդիրներ են ունեցել, Վեհափառը որոշումներ է կայացրել, որ իրենց ձեռնտու չէ: Ես ինքս կարող եմ բողոք ներկայացնել այս կամ այն կաթողիկոսի վարքի մասով, բայց դա որևէ մեկին արդարացում չի տալիս մտնել եկեղեցու բոստան՝ մանավանդ որպես ՀՀ պաշտոնյա։ Սա հարձակում է ոչ միայն եկեղեցու նկատմամբ, այլև ոտնձգություն է մեր պետության և սահմանադրական կարգի հանդեպ»։
Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագն ամբողջությամբ՝ ուղիղ եթերում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: