Վարչապետը և 10 եպիսկոպոսները եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ հանդես եկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ» են հանդես եկել:

Վարչապետի կեցավայրում ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Ֆեյսբուքում հրապարակումներ կատարեց Փաշինյանը, պետության ղեկավարը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացնում են եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնում Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:

Ճանապարհային քարտեզի հինգ կետերով նախատեսվում է «բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում […], սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»:

Եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին հայտարարության հեղինակները կոչ են անում «աջակցել, միանալ Եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»:

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ», դատապարտում և անընդունելի են համարում «Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը»: Նրանք նաև ընդունում և ճանաչում են իրենց «բաժին մեղավորությունը և պատասխանատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված այս իրավիճակի համար և ապաշխարությամբ վերափոխվելու անհրաժեշտությունը»:

Հայտարարության տակ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ազգանունների դիմաց գրված է «Համաձայնեցված է»», մյուսները ստորագրել են:

«Մեր հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք Ճրագալույցի Պատարագը և Սուրբ Ծննդյան Պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment