Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։
Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ Ռոդրիգեսը դատապարտել է ԱՄՆ-ի «զինված ագրեսիան» Վենեսուելայի դեմ՝ հավելելով, որ գործող կառավարությունը պատրաստ է պաշտպանել երկրի ժողովրդին։
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում է սկսել Վենեսուելայի վրա, և որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են և արտաքսվել երկրից: Լրատվամիջոցները հաղորդել են Կարակասում տեղի ունեցած պայթյունների մասին և նշել, որ գործողությունն իրականացրել են «Դելտա Ֆորս» էլիտար ստորաբաժանման անդամները: Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև երկրում իշխանության օրինական փոխանցումը։