Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են: Իրանը պարբերաբար բախվում է սոցիալլական բողոքի այդ ալիքներին, ինչը ունի բնականաբար միանգամայն օբյեկտիվ հիմքեր, որովհետեւ պատժամիջոցների ներքո գտնվող երկրի տնտեսական վիճակն իհարկե հեշտ չէ:

Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին այն դերակատարները, որոնց համար Իրանում իրավիճակը «ճոճելը» նպատակ է եւ ձգտում:

Սակայն այդ իմաստով իհարկե տրամաբանական է հնչում Իրանի նախագահի գնահատականը, որ եթե կան այդպիսի խնդիրներ ու հանրային դժգոհություն, ապա պետք է գտնել լուծումները, այլ ոչ թե մեղավոր հռչակել արտաքին ուժերի:

Համենայն դեպս, այստեղ կա մեկ բանաձեւ՝ եթե որեւէ կառավարություն որեւէ խնդրի պատասխանատվություն բարդում է ինչ որ արտաքին ուժերի վրա, ապա դա բացում է ցանկացած հարցում մանիպուլյացիայի լայն դաշտ: Կառավարման արդյունավետության պատասխանատվությունը մշտապես պետք է լինի կառավարության դաշտում:

Եթե հանրությունները թույլ են տալիս իրենց շեղել «հիբրիդային հարձակումների» մասին մոգոնումներով, ապա հայտնվում են մի ծուղակում, որից չկա ելք: Եվ պետությունն է հայտնվում այդպիսի ծուղակում:

Ու սա չի վերաբերում միայն Իրանին, այլ, օրինակ, նաեւ Հայաստանին: Մենք տեսնում ենք, որ կառավարության հասցեին ցանկացած ընդդիմախոսություն որակվում է իբրեւ «գործակալություն»:

Մինչդեռ, արրդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ, այլ խնդիրները լուծող կառավարությունը, որն այդ կերպ արտաքին ուժերի համար չեզոքացնում է երկրների ներսում եղած խնդիրները օգտագործելու հնարավորությունները:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment