PBS News-ի հատուկ թղթակից Սայմոն Օստրովսկին և պրոդյուսեր Կատյա Պատինը մեկնել են Իրանի հետ Հայաստանի սահման՝ գնահատելու, թե Օվալաձև գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև նախաստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է արդյոք հանգեցնել խաղաղության։
Ինչպես նշվում է, օգոստոսին Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ կնքված համաձայնագրից հետո անհանգիստ խաղաղություն է հաստատվել։ Ինչպես Թրամփի արտաքին քաղաքականության շատ նախաձեռնություններում, այս համաձայնագիրը միայն տրանսպորտի կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին չէ: Այն նախատեսում է առևտրային հնարավորությունների շարք, սակայն բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն:
TRIPP-ը շատ ավելին է, քան պարզապես տարածաշրջանային տրանսպորտային կապ։ Այն Եվրոպական միջանցքի՝ Միջին միջանցքի կարևորագույն բացակայող հատվածն է, որը կբացի արևմտյան առևտրային ուղիները դեպի Կենտրոնական Ասիա, որը հարուստ է հազվագյուտ հողային հանքանյութերով և այլ ռեսուրսներով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Օստրովսկու հետ զրույցում նշել է, որ Միացյալ Նահանգների մասնավոր հատվածը նույնպես կստանա հսկայական հնարավորություն TRIPP-ից, այդ թվում ՝ այս երթուղու միջոցով Կենտրոնական Ասիայի շուկա մուտք գործելը։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն, իր հերթին, ընդգծել է, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համաձայնություն կա, որ կողմերը միասին կստեղծեն համատեղ ընկերություն, որը կունենա ենթակառուցվածքներ զարգացնելու իրավունք։ Այն ունի հսկայական ներուժ տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ լոգիստիկ փոփոխությունների համար։
Օստրովսկին նկատել է, որ շատ մանրամասներ դեռ պետք է մշակվեն, բայց խաղաղությունը, եթե այն պահպանվի, օգուտ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և ավելի լայն տարածաշրջանին։ Իհարկե, կա մեկ մեծ պարտվող, և դա Ռուսաստանն է։ Քանի որ Ամերիկայի ներկայությունը Հարավային Կովկասում մեծանում է, Ռուսաստանի ներկայությունը կնվազի, և թվում է, թե Մոսկվան արդեն հետ է մնում։
Կոստանյանը նշել է, որ, համաձայն Հայաստանի և Ռուսաստանի կողմից 90-ականներին ստորագրված համաձայնագրի, երբ հայ սահմանապահները բարձրացնեն իրենց կարողությունները, ռուս սահմանապահների թիվը պետք է կրճատվի։
Օստրովսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ակնհայտորեն զգայուն թեմա են։ Երևանը չի ցանկանում վաղաժամ զայրացնել իր վաղեմի դաշնակցին։ Սակայն Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումից ի վեր Թրամփի վարչակազմը հասել է այն բանին, ինչը Ռուսաստանը երբեք չէր կարողացել՝ վերջ դնել հայ-ադրբեջանական սահմանին մինչև անցյալ ամառ տեղի ունեցող բախումներին։
Հիքմեթ Հաջիևը հավելել է․ «Ես տարածաշրջանային պատմությունը կբաժանեմ երկու մասի՝ մինչև օգոստոսի 8-ը և օգոստոսի 8-ից հետո։ Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է փոխվել։ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից ի վեր այս երկու երկրները բառացիորեն պատերազմի մեջ էին։ Բայց հիմա մենք իրական խաղաղություն ունենք»։
Եզրափակելով՝ Օստրովսկին ընդգծել է․ «Ժամանակը ցույց կտա, թե TRIPP-ը երբևէ կկառուցվի՞ արդյոք, կամ երբևէ կստորագրվի՞ պատերազմին վերջ դնող վերջնական խաղաղության պայմանագիրը։ Սակայն մինչև այժմ թվում է, թե ԱՄՆ-ն օգտագործում է հնարավորությունը՝ վերաձևավորելու Մոսկվայի կողմից երկար ժամանակ գերիշխող տարածաշրջանը»։