Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հասցեատերը Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդն է։ Կարևոր է, որպեսզի այն ոչ թե մեխանիկորեն ընթերցել կամ ունկնդրել, այլ խորհել այնտեղ բարձրաձայնված լրջագույն մարտահրավերների և հորդորների մասին, որոնցից ես միայն մեկին եմ ուզում անդրադառնալ։ Իր ուղերձում Վեհափառ Հայրապետը նշեց, որ․ «Տարեմուտը հրավեր է դադարեցնելու եղբայրադավության քայլերը»։
Պարզ է, որ դադարեցվում է այն, ինչ արդեն սկսված է, հետևաբար, կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, թե այս խոսքերը ում են ուղղված։ Իհարկե, Վեհափառը կարող էր նաև «տիրադավություն» բառը օգտագործել, սակայն «եղբայրադավություն» ասելով, Նորին Սրբությունը, ըստ իս, ավելի երկրային ու ավելի շոշափելի է դարձնում հայտնի տասը սրբազան հայրերի արարքը։ «Դադարեցնել եղբայրադավության քայլերը» ասելով` ակնարկվում է նաև, որ վերադարձի դուռը դեռևս բաց է։ Անշուշտ, հայտնի տասը սրբազան հայրերը արժանացան հասարակության արդարացի ցասմանը և շատերիս խիստ քննադատությանը, սակայն Վեհափառ Հայրապետն իրեն հատուկ մեծահոգությամբ ու ներողամտությամբ տարեմուտի խորհրդավոր գիշերը հորդորեց ոչ միայն «եղբայրադավության» ճանապարհը բռնած սրբազաններին, այլ նաև նրանց ազդեցության տակ գտնվող որոշ գործող հոգևորականներին, «դադարեցնել եղբայրադավության քայլերը»։
2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա գրոհը կոպտագույն սխալ էր և, իհարկե, շատ դժվար կլինի ներել նման արարքը, բայց, Վեհափառ հայրապետը, թերևս, մեկ հնարավորություն ևս տվեց սրբազան հայրերին, որպեսզի նրանք կանգ առնեն, դադարեցնեն իրենց «եղբայրադավության քայլերը» և, ինչպես ավելի վաղ արդեն ասվել էր, վերադառնան կանոնական դաշտ։ Առջևում Սուրբ Ծննդյան տոներն են, իսկ դա նշանակում է, որ սատանայի կամակատարը պետք է փորձի նորանոր գայթակղությունների առաջ կանգնեցնի իր թակարդում հայտնված սրբազաններին, սակայն, ինչպես, վերը նշեցի, Վեհափառ Հայրապետը վերադարձի դուռը բաց է պահում, և եթե նրանք ցանկություն ունենան փախչել սատանայի կամակատարից, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց սնած, ուսում, կարգ, օծում ու պատիվ տված Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դուռը բաց է։ Իսկ եթե, այդուհանդերձ, սրբազանների և մյուս մոլորյալների երկրային վախը ավելի հզոր լինի, քան Տիրոջ երկյուղը, ապա, կրկին պետք է հիշեն, որ Քրիստոսահիմն Հայոց Սուրբ Եկեղեցին կվերցնի այն ամենը, ինչ տրվել է իրենց և անպայման կգործի հոգևոր արդարադատությունը։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
