«2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին»․ Մետաքսե Հակոբյան

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում 2025-ին Հայաստանի եւ Արցախի հարցով վարված քաղաքականությունը, ի՞նչ պետք է անել, որ 2026-ին իրավիճակ փոխվի։

-Ես կարծում եմ, որ 7-րդ աղետալի տարին է ավարտվում, որեւէ կերպ մի տարին մյուսին չի զիջել։ Եթե մենք փորձենք գտնել նույնիսկ ձեռքբերումներ, դրանք հաստատ նշանակալի չեն, որովհետեւ եթե աղետաբեր իշխանությունը շարունակում է իշխանավարել, նշանակում է, որ ժողովուրդը չի հաջողել։ Եթե մենք հաջողած լինեինք, այսօր գոնե չէին լինի այս ազգակործան իշխանությունները, եւ դրանով պայմանավորված կլինեին հետագա նպատակների կերտումն ու ակնկալիքները։ Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե ուղղակի լավատես լինել, այլ համառությամբ տրամադրված ու աշխատանքով լցված գնալ դեպի նպատակների իրականացում՝ անկախ իրավիճակից։ Եվ ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մեր նպատակը նույնն է մնացել՝ ունենալ ուժեղ, հզոր, անվտանգ, բարեկեցիկ, բոլոր առումներով հաջողված Հայաստան հայրենիք, որը մեզ հնարավորություն կտա ընդհանրապես խոսել Արցախ մեր վերադարձի իրավունքի մասին։ Հակառակ դեպքում մնացած բոլորը հին ու դատարկ հույսեր կլինեն։ Եվ բնական է, որ երբ ձգտում ես հասնել նպատակիդ, ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Այնպիսի համառություն պետք է ունենանք, այնպիսի համախմբվածություն, միմյանց նկատմամբ այնքան հանդուրժողականություն, որ միանշանակ այդ խոչընդոտները վերացնենք եւ կարողանանք հասնել նպատակներին։ Իսկ խոչընդոտներից գլխավորը Հայաստանի ու հայ ազգի համար չարիք հանդիսացող այս իշխանություններն են։

Հետեւապես, 2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի․ այսինքն՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին, եւ այս իշխանությունների իշխանավարության դադարեցում։ Չպետք է տալ որեւէ հնարավորություն, որպեսզի իրենք կամ վերընտրվեն, կամ հնարավորություն ունենան քաղաքականություն վարելու։ Իրենք բոլորը 2026-ի ընթացքում պետք է կանգնեն օրենքի առաջ։ Եվ այն բոլոր չարիքները, որոնք իրենք գործել են հայ ազգի, ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, դրանց համար իրենք պետք է պատասխան տան։ Ես կարծում եմ, որ մենք մեր բոլոր նպատակները հենց այս կետի վրա պետք է կենտրոնացնենք ու առաջ գնանք՝ առանց հուսալքվելու, առանց դանդաղելու, առանց մտածելու, որ իրենք ամենակարող են, եւ մենք չենք կարող հաջողել։ Միանշանակ, կարողանալու ենք։

-Հայ հասարակության մի մասը կարծես անտարբեր է դարձել, անգամ հարցումներն են ցույց տալիս, որ հասարակության մոտ 50 տոկոսը կամ անտաբեր են, կամ գուցե չմասնակցեն էլ ընտրություններին։ Այսինքն՝ մարդիկ դեմ են այսօրվա գործընթացներին, բայց չեն մասնակցում իրավիճակ փոխելու գործընթացին։ Ինչպե՞ս  վերացնել այս անտարբերությունը։

-Անտարբերությունը եւս այս իշխանությունների ձեռամբ է ձեւավորվել, որովհետեւ այսօր մեր ժողովուրդը կոլեկտիվ հոգեբանական խնդիրների առաջ է կանգնած։ Դրանք անհատական խնդիրներ չեն, կոլեկտիվ խնդիրներ են, որի հարցում իր ազգակործան գործունեության միջոցով այս իշխանությունը կարողացավ հաջողել։ Եվ դա միանշանակ բարդացնում է բոլոր ազգային քաղաքական ուժերի գործունեությունը։ Բայց մյուս կողմից էլ պատասխանատվությունն է բարձրացնում, որ, այո, դա նշանակում է, որ ազգային ուժերը եւս թերացել են իրեն աշխատանքում։ Այդ աշխատանքը պետք է լիներ հատ-հատ, ազգի յուրաքանչյուր անդամի հետ անհատական խոսակցության, ֆիզիկական շփման միջոցով, որի արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել նպատակները։ Երբ ազգային քաղաքական ուժերն իրենց մեջ իրոք կունենան այդ վստահությունն ու համոզվածությունը, որ իրենք ունակ են առաջնորդել ժողովրդին, ես կարծում եմ՝ այդ պարագայում ժողովուրդն իր վստահությունը կվերականգնի հենց այդ ուժերի նկատմամբ։ Ցավոք սրտի, այս իշխանությունների ձեռամբ այսօր որեւէ քաղաքական միավոր չունի համազգային ժողովրդական վստահություն։ Եվ դա է խնդիրը, որ այսօր մարդիկ հուսալքված են։ Եթե նույնիսկ մենք հասնենք 2026-ի ընտրություններին, ինչն ինձ համար իրոք ցավ է, որովհետեւ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռացվեն, ապա ազգային ուժերի աշխատանքը, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն այնպիսի պետք է լինի, որ ժողովրդի անտարբեր հատվածը վստահի ու գնա այդ ուժերի հետեւից։ Ես վստահեցնում եմ մեր ժողովրդին, որ որպես այդպիսի ուժ, քաղաքական անձ, ես չունեմ այլ նպատակ ու երազանք, քան ունենալ ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան եւ հնարավորություն Արցախ վերադառնալու։ Սա պետք է կարողանալ հասցնել ժողովրդին եւ դա պետք է անել՝ չլինելով այս իշխանությունների օրակարգում, չքայլելով նրանց օրակարգով։ Մենք պետք է ունենանք մեր ծրագրերը եւ այդ ծրագրերի հետեւից գնանք, ես կարծում եմ, որ այդ պարագայում հաստատ ժողովուրդն ինքն իր որոշումը կկայացնի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment