Ավանդույթի համաձայն՝ տոներին ընդառաջ Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր այց զորամասեր։ Iravaban.net-ը ՊՆ Ն ուսումնական զորամասում ծանոթացավ զինվորների առօրյային:
Ամանորի շունչը հասել է ոչ միայն քաղաքներ ու տներ, այլև զորամասեր։ Ուսումնական զորամասում այս օրերին տիրում է տոնական մթնոլորտ։ Զինծառայողները սեփական ձեռքերով են զարդարում տոնածառը, ստեղծելով ամանորյա տրամադրություն և սահմանելով հաջորդ տարվա նպատակները։
Ռաֆիկ Վիրաբյան
Չնայած պատրաստվում էինք քննություններին, բայց քննությունների համատեղ նաև պատրաստվում էինք Ամանորին, զարդարելով մեր զորամասը, մեր գումարտակը, մեր վաշտը։ Ցանկանում եմ մի երկու տարի պատվով և արժանապատվությամբ ծառայել հայրենիքիս և անցնել հետագա պլաններիս։ Ուզում եմ ավելի շատ օգուտ տալ հայրենիքիս, մյուսներին կցանկանամ զինված լինել հավատքով և համբերությամբ,- ասում է զինծառայող Ռաֆիկ Վիրաբյանը։
Ծառայության խիստ ռեժիմի մեջ անգամ Ամանորն այստեղ ունի իր հատուկ տեղը։ Յուրաքանչյուր լույս փոքրիկ հիշեցում է տան, ընտանիքի ու սպասվող նոր տարվա մասին։ Յուրաքանչյուր նոր կախվող խաղալիք նոր նպատակ է, որ իրականացնելու են հայրենիքին պարտքը տալուց հետո։
![]()
Սամվել Մանավազյան
«Ես ցանկություն ունեմ ծառայությունս շարունակելու, որպես արդեն սպա, հայ ազգի իսկական զինվոր ու հուսամ գալող տարին կնպաստի իմ երազանքի առաջընթացին։ Մինչ բանա գալը, երբ ընտրում էի մասնագիտություն, մտածում էի շարունակել ծառայել, թե ոչ, Ոչ, սակայն մեկ ամիս ծառայելով այստեղ, որոշեցի ծառայությունս նաև շարունակել հետագայում»․ Սամվել Մանավազյան։
Կանոնակարգված առօրյային տղաները հեշտ են հարմարվել, ասում են շատ ջերմ ընդունելության են արժանացել։ Զինծառայող Մաքս Վլասյանը ասում է՝ առաջին օրվանից շրջապատված է եղել լավ մարդկանցով, լավ միջավայրում, և որտեղ շատ դժվար է չհարմարվելը։
Մաքս Վլասյան
Հիշարժան մի դեպք առանձնացնել դժվարանում է։ «Յուրահատուկ դեպքեր շատ եմ եղել, այդպես կոնկրետ մեկը չեմ ուզում առանձնացնեմ, բայց մի քանի սա, օրինակ, որ գնում էինք կրակում ամբողջ վաշտը գնում էինք այդ ճանապարհը, մարդկանց ձեռքով էին անում, ողջունում էին, ով ինչ կարողանում էր պատուհաններից տալիս էին մեզ, նաև որ ֆիզիկական տվյալները բարելավում են, ես զգացել եմ իմ վրա, քննությունների պատասխաններում դա իմ համար մեծ նշանակություն ունի»,- ասում է նա։
Ուսումնական զորամասում տոնական օրերին ևս շարունակվում է կրթական գործընթացը, օրեր անց տղաները կտեղափոխվեն նոր զորամասեր, այնտեղ շարունակելու հետագա ծառայությունը։ Արդեն ընկերներ դարձած տղաներից ոմանք մյուս զորամասում ևս ծառայությունը միասին են անցկացնելու։
«Շատ եմ մտածել այդ առումով, ճիշտն ասած, այս հինգ ամսվա ընթացքում հասցրել եմ հասկանալ, թե ինձ ինչ է սպասվելու այնտեղ։ Ճիշտ է՝ ամբողջական պատկերը չենք կարող ունենալ, բայց ինչքանով, որ այստեղ անցել եմ, նույն բանն էլ պետք է, որ այնտեղ լինի, ես այդպես եմ մտածում»,- ասում է Աշոտ Մանգասարյանը։
Աշոտ Մանգասարյան
Հաջորդ տարվա համար պահվող նպատակներն ու երազանքները տարբեր են, բայց մի բան նույնական է բոլորի մոտ՝ թող խաղաղություն լինի։ Iravaban.net-ի խմբագրակազմը շնորհավորում է հայրենիքի պաշտպանների Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում անկորուստ տարի։