«Գորիս» քրեակատարողական հիմնարկում մթնոլորտը տոնական է․ անազատության մեջ գտնվողները համերգի են մասնակցում։ Հուզմունք, կարոտ, սպասում կա նրանց աչքերում։ Վերջին տարիներին կառավարությունը պատժիչ քաղաքականությունից անցել է վերասոցիալականացման, ինչի արդյունքում միայն այս տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկից 19 մարդ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժ կրելուց։
Սաքսոֆոնահար Նարեկ Սարգսյանը Հայկոյի «Վերև» ստեղծագործությունն է նվագում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Պատիժ կրող անձանց աչքերում հուզմունք է, կարոտ, սպասում, ինչու չէ՝ նաև հույս ու հավատ վաղվա հանդեպ։ Լուռ վայելում են երաժշտությունը։ 27-ամյա Արմանը երգիչ Վախթանգ Մարտիրոսյանին խնդրում է մոր մասին որևէ երգ կատարել։ Արդեն 4-րդ տարին է, որ նրա մայրը ամանորը միայնակ է դիմավորելու։ «Նոր տարվա տուլիկը (հանձնուքը) կստանամ, ես՝ այստեղ, մայրս՝ Երևանում կդիմավորենք 2026-ը։ Եկող Նոր տարին արդեն միասին կլինենք»,-ասում է Արմանը՝ թաքուն նայելով բանտապահներին․ հո խախտում չի՞ արել, որ երգ է պատվիրել։
Ազատազրկվածների առօրյան «Հանուն ազատության» ՀԿ-ն է փորձել հետաքրքիր դարձնել։ Բարձր պարիսպներով, փշալարերով պատած շենքի աշտարակին կանգնած հսկիչը նույնպես հետևում է տոնական համերգին։ Խցերի պատուհաններից կալանավորված այն անձինք են ծիկրակում ու նույնիսկ նույնիսկ ձայնակցում, որոնց տեսակցություններն ու այլ հանդիպումները նախաքննական մարմնի որոշմամբ սահմանափակված են։
Արդեն երրորդ տարին է՝ «Հանուն ազատության» կազմակերպությունը տարբեր քրեակատարողական հիմնարկներում տարեմուտի միջոցառումներ է կազմակերպում՝ ասում է նախագահ Իրինա Մանուկյանը։
«Այս տարի միայն «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ենք տարեմուտի համերգ կազմակերպել, իհարկե, շնորհակալ ենք մեր աջակիցներին, որոնք պատրաստակամ կանգնած են մեր կողքին։ Հունվար ամսին հին նոր տարին նշելու ենք պրոբացիայի ծառայությունում հաշվառված մեր ծրագրերի մասնակիցների հետ։ Գիտեք, նման միջոցառումներով ուզում ենք նաև դատապարտյալների նկատմամբ՝ հասարակության մեջ եղած կարծրատիպերը կոտրել, որպեսզի կալանավայրերից վերադառնալուց հետո նրանք հեշտ ինտեգրվեն սոցիումին»։
Արվեստը ինքնաճանաչման և կրթության կարևոր ճանապարհ է, և վերասոցիալականացման այս ուղով անցնելով, ազատազրկված անձինք կարող են լիարժեք վերադառնալ հասարակություն՝ օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարը հավաստիացնում է, որ պետությունը ջանք ու եռանդ չի խնայում վերասոցիալականացման գործընթացում արժանապատիվ պայմաններ և նպաստավոր միջավայր ապահովելու համար։
«Վերասոցիալականացման ճանապարհի հաջող անցումը մեծ մասամբ կախված է հենց ազատազրկված անձից ու ես միշտ ասում եմ այս մասին, երբ հանդիպում եմ ազատարզրկված անձանց հետ։ Ձեզանից մի բան է պահանջվում, լինել իրավահպատակ և հետևել այն կանոններին, որը սահմանել է պետությունը»։
37-ամյա Կարեն Ալավերդյանը դեռ 3 տարի անազատության մեջ է լինելու։ Ամուսնացած է, երեք երեխա ունի։ Օրերս նրան տեսակցության էին եկել ընտանիքի անդամները։ Կարդում է՝ ժամանակն այդպես է փորձում կարճել։ Եկող տարի դիմելու է պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Տույժեր չունի, բոլոր միջոցառումներին մասնակցում է։ Եթե բախտը բերի՝ ապա 2027թ-ը ընտանիքի հետ կդիմավորի։ Ուշադիր հետևում է կլարնետահարի մատներին՝ դրսում ինքն էլ է նվագել, բայց երաժշտական կրթություն չունի՝ պարզապես հոբբի է։ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 104 մարդ է պատիժ կրում, նրանցից 70-ը դատապարտյալներ են։ 2025թ-ին 11 անձ է ազատվել պատժի լրիվ կրումով, իսկ պայմանական վաղաժամկետ 19 մարդ է ազատվել։ Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գեւորգ Նավասարդյանն ասում է՝ տարին հագեցած է եղել, պատիժ կրող անձինք չեն ձանձրացել ու յուրաքանչյուրն իր հետաքրքրության սահմանում մասնակցել է տարբեր միջոցառումների․
«Քրեակատարողական ծառայությունը, մենք՝ բոլոր աշխատակիցներով առաջնային տեղ ենք տալիս վերասոցիալականացման ծրագրերին, զգում ենք, որ դրական է ազդում անազատության մեջ գտնվող անձանց վրա, տարբեր միջոցառումներ՝ կրթա-մշակութային, կրոնական, մարզական, որպեսզի ազատ ժամանակը նպատակային օգտագործեն։ Նաև այս միջոցառումներով նրանք փոխվում են, ուղղվում»։
Կապանցի Վրեժ Բաղդասարյանը 2023թ-ից է անազատության մեջ․ 4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Զղչում է կատարվածի համար, աղոթում է ամեն օր ու բոլորին հորդորում՝ հեռու մնալ փորձանքներից։ Հայաստանի բոլոր բանտերում գտնվողներին շուտափույթ ազատություն է մաղթում։
«Ցանկանում եմ քաջառողջության տարի լինի, խաղաղության ու լիության, երջանկության տարի լինի բոլորի համար։ Նման դեպքեր թող չլինեն»։
Ազատազրկվածները սակավախոս են՝ հրաժարվում են հարցազրույցից, բայց պատմում են, որ խցերը տոնական են զարդարել։ Երազում են ժամ առաջ հասնել իրենց ընտանիքներին։ Տարեմուտի գիշերը հյութով լի բաժակներն իրար զարկելով՝ այս երազանքն են պահելու, սրտատրոփ սպասելով՝ որ այն իրականանա 2026թ-ին։