Ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից․ Միքայել սրբազանը նամակ է գրել

Մինչև հայրենադավների և տիրադավների հանձնախումբը շարունակում է իր ասպատակություններն ու զինված բռնագրավումները Հայ Եկեղեցու տաճարներում՝ դրանք անվանելով «պատարագներ», և իբրև թե մտահոգված է Եկեղեցու բարեկարգությամբ, սակայն Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականին, ում ազատազրկել է ապօրինի հրամանով, արդեն երկրորդ Կիրակին է, որ զրկել է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին․ «Իզմիրլյան» ԲԿ-ից նամակ է գրել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

«Աշխատանքային 11 օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի հետևանքով առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

Այս համատեքստում ինձ ընդամենը մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու:

Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք Ամանորի և Ս. Ծննդյան առիթներով՝ մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում:

Շնորհավոր Նոր տարի և Ս. Ծնունդ»,- նշել է սրբազանը:

Leave a Comment