Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է «Հայրենիք» կուսակցության անդամների տունը։ 10 անձ ձերբակալվել է։ Պետական կառույցն իր գործողությունների հիմքում նշում է այդ անձանց քրեորեն հետապնդելի արարքները, իսկ ընդդիմությունը շտապում է գործողությունները քաղաքական հետապնդում որակելու։ 2025-ի ողջ ընթացքում ընդդիմադիրներն այս պնդումն արել են տարբեր առիթներով, և անգամ խորհրդարանական լսումներ են նախաձեռնել Հայաստանում քաղբանտարկյալների թեման քննարկելու համար։ Այս մեղադրանքներին Հայաստանի իշխանությունը մշտապես արձագանքել է ընդգծելով, որ շատ հաճախ քրեորեն դատապարտելի արարքները փորձ է արվում քողարկելու քաղաքական պատճառների տակ՝ իրական երևույթին այլ անուն տալով։
Տարվա վերջին աշխատանքային օրն էլ առանց աղմկահարույց իրավական գործընթացների չանցավ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրություններից երկու ամիս անց պարտություն կրած քաղաքական ուժի ներկայացուցիչներին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ընթացքի վրա ապօրինի ներգործության համար: Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 9 անձ՝ հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կառույցից հայտնում են․
«Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը»:
Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը և կուսակցության անդամ, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Արամ Քոչարյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իրավապահների գործողությունները շտապել է քաղաքական հետապնդում որակելու։
2025-ին իշխանությանն ուղղված այսօրինակ մեղադրանքներ ընդդիմադիրները ներկայացրել են պարբերաբար։ ԱԺ-ում անգամ քաղբանտարկյալների հարցով լսումներ էին նախաձեռնել։ Վկայակոչելով եվրոպական չափորոշիչները՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պնդում են՝ Հայաստանում մոտ ութ տասնյակ քաղբանտարկյալ կա։ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան․
«Խոսքը, խոշոր հաշվով, Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության պաշտպանության մասին է։ Որքան շատանում են խոսքի ազատության պատճառով կալանավորումները, հետապնդումները, այնքան մոտենում է մեզանից յուրաքանչյուրի հերթը։ Մենք ունենք դեպք, երբ անձը, օրինակ` փաստաբան Կոչուբաևը կլինի կամ Գյումրու ընտրված համայնքապետը կլինի, իրեն առանց ծանուցման բերման ենթարկելու համար կիրառվել է աննախադեպ քանակի ուժ, ներխուժել է նաև համայնքապետարան։ Մենք նույն դեպքը ականատես ենք եղել նաև Միքայել սրբազանի դեպքում, երբ գրոհվել է անգամ վեհարանը։ Օրինակ, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը ավելի մե՞ղմ, թե՞ ավելի սուր բառապաշար են օգտագործել։ Եթե այստեղ կա հանցակազմ, այս բոլոր իմ նշած անձանց դեպքում չկա՞ այդ նույն հանցակազմը։ Այսինքն` այս բոլոր դրվագներով մենք տեսնում ենք տարբերակված մոտեցումները»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի ընդունում ընտրովի արդարադատության մասին ընդդիմադիրների մեղադրանքները։ «Քաղբանտարկյալ» եզրույթն էլ, համոզված է, տեղին չի օգտագործվում։
«Քաղբանտարկյալ, իմ կարծիքով, չկա։ Այդ չափանիշներում, միանշանակ, խոսք չի գնում այն անձանց մասին կամ այն իրավիճակների մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ իմ խոսքում նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է «Քրեական օրենսգրքի» որոշակի հոդվածների հատկանիշներ՝ այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ կամ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ և ուրեմն կամ հետևաբար քաղբանտարկյալ է։ Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, ի ուրախություն մեզ, չկան։ Ընտրովի արդարադատություն չի իրականացվում։ Մեր երկրում դատարանները անկախ են, յուրաքանչյուր դատարան ինքն է որոշում` ինչ խափանման միջոց նշանակել։ Պատմության էջերը որ թերթենք, չե՞նք գտնի ՔՊ-ականների, որոնք կալանավորվել են և հետո դատապարտվել։ Ես կողմ եմ, որպեսզի միատեսակ մոտեցում լինի մեր երկրում և կողմ եմ կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը։ Այս ուղղությամբ էլ ենք, որպես նախարարություն, քայլեր ձեռնարկում»։
Տարվա աղմկահարույց իրավական գործընթացներից էին Գյումրու և Էջմիածնի քաղաքապետերին առնչվող վարույթները։ Երկուսի գործն էլ վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանն ու կաշառքին։ Առաջինը հոկտեմբերից կալանավայրում է, երկրորդը մայիսին ներկայացրած հրաժարականից հետո՝ տանը։ Հրաժարականի մասին իր որոշումը ՔՊ-ական նախկին քաղաքապետը սկզբում հիմնավորում էր ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ։ Հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեում գործի նախաքննությունն ավարտվեց և հայտարարվեց, որ Դիանա Գասպարյանը փոխկապակցված անձանց միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, նախկին քաղաքապետն արդեն քննված քրեական գործին որակումներ սկսեց տալ։ Թեև իր տևական լռությունը Գասպարյանը հիմնավորել է նախաքննության գաղտնիության պահանջով, բայց խոստացել է տոներից հետո հանգամանալից անդրադառնալ, իր իսկ ձևակերպմամբ, այդ «կրկեսին»։
2025-ին բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների և կալանավորումների թեման՝ իշխանություն-եկեղեցականներ տարակարծությունների ողջ հարցապնակով տեղափոխվում է 2026 թվական։ Ընդդիմադիր դաշտն այս առումով ևս քաղաքական դրդապատճառներ է տեսնում, իսկ իրավապահներն ու իշխանությունը պնդում են, որ գործերն առնչվում են ավելի վտանգավոր դրվագների։ Այս գործերի շրջանակում օգտագործվում են «գործակալներ», «ահաբեկչություն», «իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր» ձևակերպումներ։
2026-ը երեք բարձրաստիճան հոգևորականները կդիմավորեն կալանավայրում։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այս օրերին հիվանդանոցում է անցկացնելու հետվիրահատական շրջանը։ Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար։ Նա մեղքը չի ընդունում: Այդ դիրքերից է հոգևորականների կալանավորումների մասին խոսում նաև փաստաբան Գոհար Մելոյանը։
«Շատ տխուր և հերթական հատված «կարմիր գծերով» տարի ունեցանք։ Շատ աշխատանք կա։ Մենք ունենք ստանձնած պարտավորվածություններ վերականգնելու խաթարված իրավունքի գերակայությունը մեր երկրում, վերականգնելու իրավական ու ժողովրդավար պետության չափորոշիչներն ու տարրերը, և ամենակարևորը` մենք պարտավոր ենք մեր քաղբանտարկյալների համար աննահանջ պայքար մղելու»։
Ընդդիմության մտահոգություններին զուգահեռ՝ իշխանությունը ստանում է աջակցություն և օժանդակություն ԵՄ-ից «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու համար։ Իշխանական թևից բազմիցս նշել են, որ այդ «հիբրիդային պատերազմը» Հայաստանի դեմ տարվում է ոչ միայն «դրսից», այլև «ներսից»։ Սա է պատճառը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վստահորեն պնդում են․
«Նախ, Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն քրեական գործով ներգրավվում է, նրանց արարքները համապատասխանում են քրեական օրենսգրքի որևէ հոդվածին կամ նկարագրված դեպքին։ Դրանք պարզապես ընդդիմադիր դաշտի հնարքներ են, և մեզ շատ են մեղադրում, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ենթադրյալ հանցագործություններ են արել, բանտերում չեն»։
Եթե դիտարկենք հակակոռուպցիոն կոմիտեի միայն այս տարվա վերջին ամսվա աշխատանքը, ապա ուշագրավ պատկեր է ստացվում։ Կառույցի ուշադրության կենտրոնում, բացի վերոնշյալ դեպքերից, հայտնվել են նաև Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, Իջևանի նախկին քաղաքապետը, Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը և ՊՆ մի շարք պաշտոնատար անձինք։ Որոշ դեպքերում նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնողների քրեական գործերն առնչվում են փողերի լվացմանն ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը, կեղծ աճուրդներ կազմակերպելուն և հափշտակություններին։