Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը «լիակատար անմտություն է», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իսվեստիա» պարբերականը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով նման զանգվածային հարվածի դեպքում լրացուցիչ ապացույցներ անհրաժեշտ չեն։
«Զելենսկին ինքը փորձում է հերքել դա, և շատ արևմտյան լրատվամիջոցներ, աջակցելով Կիևի վարչակարգին, սկսում են պատմություններ հորինել, թե, իբր, դա տեղի չի ունեցել։ Սրանք լիակատար անմիտ պնդումներ են», – ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
Բացի այդ, Կրեմլի խոսնակը Պուտինի նստավայրի վրա հարձակումը որակել է որպես ահաբեկչական։
Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ուկրաինական ուժերն ԱԹՍ-ներով հարձակում են իրականացրել Նովգորոդի մարզում գտնվող Պուտինի նստավայրի վրա։ Դիվանագետի խոսքով՝ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 91 անօդաչու թռչող սարք։ Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս հայտարարությունն անվանել էր Ռուսաստանի «հերթական սուտը»՝ նշելով, որ դա պատրվակ է Կիևին նոր հարվածներ հասցնելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: