Հաճախ տրվող հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության մասին. մաս 2

1. Եթե օրենքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, ապա ի՞նչ իրավական հիմքով կարող են իրականացվել ապահովագրավճարի պահումներ դեկտեմբերից։

Օրենքն ուժի մեջ է մտնում այն պաշտոնապես հրապարակմանը հաջորդող օրվանից։ Օրենքի անցումային դրույթներով կարգավորվում են առանձին հոդվածներ կամ կետեր, ուժի մեջ մտնելու ժամկետները։

2. Եթե աշխատակիցն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն և ստանում է 200 001 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս է իրականացվում առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի հաշվարկը։

Գործող մասնավոր ապահովագրության առկայությունը չի ազատում ԱՀԱ-ի ապահովագրության համար վճարելու պարտականությունից։ Եթե աշխատավարձը գերազանցում է սահմանված շեմը, ԱՀԱ-ի ապահովագրավճարը հաշվարկվում է ընդհանուր կարգով։

3. Ոչ ՀՀ քաղաքացի աշխատողի դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում և կիրառվում առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը

Վարձու աշխատող, ԱՁ կամ Նոտար հանդիսացող անձանց համար քաղաքացիության և ռեզիդենտության պայման օրենքով սահմանված չէ։

4.  Եթե անհատ ձեռնարկատերն իր աշխատակիցների համար ապահովում է առողջապահական մասնավոր ապահովագրություն, պարտավո՞ր է արդյոք վճարել նաև առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։

Այո՛։ Մասնավոր ապահովագրության առկայությունը չի փոխարինում ԱՀԱ-ին և չի ազատում ապահովագրավճարից։ Քաղաքացին կարող է շարունակել հավելյալ փաթեթներ ձեռք բերել մասնավոր ապահովագրական ընկերություններից:

5. 65 և բարձր տարիքի անձը, որը ստանում է 100 000 դրամ աշխատավարձ, արդյո՞ք ներառվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում և օգտվում դրա ծառայություններից։

65 և բարձր տարիքի անձինք ներառվում են պետական սուբսիդավորմամբ ապահովագրվողների խմբում և օգտվում են ԱՀԱ-ից անկախ աշխատավարձի չափից. նրանց համար 100 տոկոսով ապահովագրավճարը վճարում է պետությունը:

6. Եթե աշխատակիցը ստանում է 190 000 դրամ աշխատավարձ և հավելավճար՝ աշխատավարձի 10 տոկոսի չափով, արդյո՞ք տվյալ դեպքում կիրառվում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։>

Աշխատավարձը սահմանվում է օրենքով և ներառում է նաև դրան հավասարեցված այլ վճարումները՝ ներառյալ պարգևատրումները, բոնուսային վճարները և այլն (բացի նպաստներից)։ Այսինքն` այո:

7. Այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը չի բավարարում սահմանված նվազագույն շեմերը, ինչպե՞ս է իրականացվում դրոշմանիշային վճարների հաշվարկը և վճարումը։

Դրոշմանիշային վճարների փոփոխությունները կապված չեն ապահովագրված անձ դառնալու, ապահովագրավճար վճարողի կարգավիճակների հետ։ Օրենքով նախատեսված է, որ մինչև 1,0 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար դրոշմանիշային վճարի չափը 2026թ.-ի հունվարի 1-ից դառնում է 1000 դրամ։

8. Եթե անձն ունի գործող մասնավոր առողջապահական ապահովագրություն և չի ցանկանում միանալ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

ԱՀԱ-ն պարտադիր համակարգ է։ Մասնավոր ապահովագրություն ունենալը կամ միանալու ցանկության բացակայությունը չեն կարող ԱՀԱ-ից հրաժարվելու հիմք լինել։

9. Լեռնային Ղարաբաղից տեղահանված (փախստականի կարգավիճակ ունեցող) անձը պարտավո՞ր է վճարել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։

ԼՂ-ից տեղահանված անձինք ներառվում են սոցիալական հատուկ խմբերի մեջ և ստանում են իրենց հասանելի ծառայությունները պետական պատվերի շրջանակում, իսկ ովքեր ստանում են 200 001-ից ավելի աշխատավարձ, ներառվում են ապահովագրական համակարգում:

10.Եթե քաղաքացին աշխատանքի է ընդունվել դեկտեմբերի 15-ին, արդյո՞ք տվյալ տարվա համար պետք է առողջության համընդհանուր ապահովագրության համար վճարի։

Քաղաքացու կարգավիճակը կհստակեցվի հունվարի աշխատավարձի չափից ելնելով, իսկ պարտավորությունը կձևավորվի արդեն փետրվարի աշխատավարձի նկատմամբ։

11․ Եթե անձը զոհված զինծառայողի այրի է և ստանում է 200 001 դրամ և ավելի աշխատավարձ, արդյո՞ք նա ընդգրկվում է պետական աջակցությամբ ապահովագրվողների խմբում, թե՞ ապահովագրավճարը վճարում է ինքնուրույն։

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ընդգրկվում են պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող խմբում՝ անկախ աշխատավարձի չափից։

12. Եթե աշխատակիցը ստանում է 200.000 դրամից բարձր աշխատավարձ և ունի հաշմանդամության խումբ, ո՞վ է վճարում ապահովագրության համար՝ պետությու՞նը, թե՞ աշխատողը։

Այս դեպքում 2026թ.-ի ընթացքում աշխատավարձից կատարվում է պահումը։ Սակայն, երբ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հարկային մարմնից ստանում է տվյալները, որ այդ պահումը կատարվել է հաշմանդամության խումբ ունեցող անձի համար, գումարը վերադարձվում է աշխատողին մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարևոր է նշել, որ առաջին անգամ վերադարձը ստանալու համար քաղաքացին պետք է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին ուղարկի էլեկտրոնային դիմում, որտեղ պարզապես նշում է իր բանկային հաշվեհամարը։ Դրանից հետո գումարները կվերադարձվեն այդ հաշվեհամարին։

13.  Եթե քաղաքացին աշխատում է երկու տեղ համատեղությամբ, և յուրաքանչյուր աշխատավայրում նրա աշխատավարձը 200 000 դրամից ցածր է, բայց միասին գերազանցում է 200 001 դրամը, արդյո՞ք նա կարող է ունենալ ապահովագրություն։

Քաղաքացին ապահովագրության համակարգին կարող է միանալ միայն այն դեպքում, երբ որևէ աշխատավայրում նրա աշխատավարձը կազմում է 200001 դրամ և ավելի։ Եթե որևէ աշխատավայրում աշխատավարձն այդ շեմը չի անցնում, նույնիսկ եթե ընդհանուր եկամուտը գերազանցում է 200.000 դրամը, չի համարվում ապահովագրված անձ և ապահովագրավճար վճարող։

14. Եթե քաղաքացին աշխատում է ժամավճարային հիմունքով և ամեն ամիս ստանում է տարբեր աշխատավարձ (օրինակ՝ մեկ ամիս՝ 195.000 դրամ, մյուսը՝ 300000 դրամ կամ բոնուսների պատճառով կարող է գերազանցել նույնիսկ 500000 դրամը), այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրավճարը։

Ապահովագրված անձի կարգավիճակ ունեցողների համար ապահովագրավճարը վճարվում է` ելնելով աշխատավարձի չափից։ Մինչև 500000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4800 դրամ, իսկ 500001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 10800 դրամ։

15. Ինչպե՞ս է անձը ստանալու բուժօգնություն առողջության ապահովագրության շրջանակում:

Շտապ և անհետաձգելի դեպքերում անձը կամ դիմում է շտապօգնության ծառայություն կամ ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում, գնահատելով պացիենտի վիճակը, համաձայն ցուցումների և գործելակարգերի` անձը կարող է հոսպիտալացվել կամ «Emergency» ծառայությունում ստանալ համապատասխան ծառայություններ՝ դուրս գրվել և ուղղորդվել առողջության առաջնային պահպանման օղակ: Պլանային դեպքերում անձը պետք է հերթագրվի իր ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ այցելելու համար, որից հետո, ելնելով գործելակարգերից, բժիշկը կկազմակերպի անձի խորհրդատվությունները, ախտորոշիչ հետազոտությունները և բուժումը։ Կանխարգելիչ այցի կամ սքրինինգային հետազոտությունների համար պարտադիր չէ հերթագրվել և այցելել բժշկի, անձը կարող է հերթագրվել հետազոտության համար բոլոր այն բժշկական կազմակերպություններում, որոնք սքրինինգային հետազոտություն իրականացնելու համար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ կունենան պայմանագիր։ Հետազոտությունը կարելի է պլանավորել նաև Արմեդ համակարգում ինքնուրույն հերթագրվելու միջոցով։ Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք կարող են ինքնուրույն պլանավորել իրենց հիվանդության հսկողության համար գործելակարգերով նախատեսված այցերը նեղ մասնագետներին, անցնել հետազոտություններ բժշկական կազմակերպություններում։

ՀՀ ԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment