Վերջերս դիտում էի նացիստական Գերմանիայի պարագլուխներից մեկի՝ Հերման Գյորինգի հարցաքննությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Թե՛ ամերիկացի դատախազ Ջեքսոնի եւ թե՛ խորհրդային մեղադրող Ռուդենկոյի բավականին մանրամասն եւ փաստարկված հարցերին Գյորինգը պատասխանում էր ինքնավստահ, կիսաժպիտով եւ զգացվում էր, որ ներքուստ բացարձակապես որեւէ մեղավորություն չի զգում:
Նրան մեղավոր ճանաչեցին բոլոր հոդվածներով եւ դատապարտեցին մահապատժի (բայց դրանից առաջ ինքնասպանություն գործեց): Գյորինգն իր վերջին ճառում ասաց, որ հաղթողը միշտ դատում է, իսկ պարտվողը՝ դատվում: Այսինքն՝ մեղք կամ անմեղություն, որպես այդպիսիք, չկան: Արդարադատությունն ամբողջությամբ պայմանավորված է «ուժի իրավունքով»:
Օրենքի, արդարադատության մասին նման պատկերացումները հատուկ են ոչ միայն նացիստներին: Հայաստանում իրավիճակն, իհարկե, պակաս դրամատիկ է, բայց օրինաչափությունը նույնն է: Հայաստանի ներկա իշխանավորներն իրենց մեջ ոչ մեղավորության, ամոթի զգացում չունեն, ռեֆլեքսիան իսպառ բացակայում է: «Իշխանությունն իմն է, ում ուզում, կալանավորում եւ դատում եմ: Մի հատ փորձեք ինձնից իշխանությունը խլեք: Բայց եթե հանկարծ խլեք, պարզ է, որ դուք եք ինձ դատելու»:
Իսկ առայժմ իշխանությունը կարող է անել ինչ ուզում է: Այդ թվում` տնով-ցեղով հետապնդել մարդկանց, որոնք նրանց քիմքին հարմար չեն: ԱԱԾ-ին հրամայել «կոմպրոմատներ» հավաքել ընդդիմախոսների վրա: Ուղարկել ենթականերին, որպեսզի նրանք խուլիգանություն անեն պատարագի ժամանակ: Դրանք առերեւույթ հանցագործություններ են, բայց եթե իրավապահները դրանց անդրադառնան իշխանափոխությունից հետո, այդ անդրադարձի գինը շատ ցածր է լինելու:
…Չեմ զարմանա, եթե դատախազությունն, ի վերջո, «պարզի», որ Պարույր Հայրիկյանն է կրակել «կաֆելշչիկների» վրա, ոչ թե հակառակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի սրությամբ է պարոն Հայրիկյանը քննադատելու ներկայիս իշխանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Հերման Գյորինգը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: