ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափին գտնվող նավահանգստին․ CNN

Դեկտեմբերի սկզբին Կենտրոնական հետախուզական վարչությունն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափամերձ հատվածում գտնվող նավահանգստային օբյեկտին․ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ աղբյուրների՝ հարվածը թիրախավորել է Վենեսուելայի ափին գտնվող հեռավոր նավահանգիստը, որը, ըստ ԱՄՆ կառավարության, օգտագործվել է Tren de Aragua հանցավոր խմբի կողմից՝ ծովով թմրանյութեր տեղափոխելու համար։ Այդ պահին օբյեկտում ոչ ոք չի եղել, և զոհեր չեն գրանցվել։

CNN-ի աղբյուրը նշել է, որ հարվածը հաջող է եղել. օբյեկտը և այնտեղ գտնվող նավակները ոչնչացվել են, բայց այն բնութագրել է որպես խորհրդանշական՝ բացատրելով, որ դա վենեսուելացի թմրավաճառների կողմից օգտագործվող բազմաթիվ նավահանգստային օբյեկտներից միայն մեկն է։

Այս հարվածն ԱՄՆ-ի կողմից երկրի ներսում թիրախի վրա հարձակման առաջին հայտնի դեպքն է, նշում է հեռուստաալիքը։

Թրամփն ուղղակիորեն չի հաստատել հարձակումը, բայց դեկտեմբերի 26-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է «խոշոր օբյեկտ, որտեղ նավեր են մտնում»։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանություններից։

 

Leave a Comment