Մատադորը վայր է դնում զենքերը. Կավանին հեռանում է անպարտելիի հոգեբանությամբ

38-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Շնորհակալ եմ քեզ, ֆուտբո՛լ։ Դու դաստիարակեցիր ինձ, դու ինձանից շատ բան էիր պահանջում, դու սովորեցրիր վեր կենալ, երբ ընկնում եմ, և գնահատել ճանապարհի յուրաքանչյուր քայլը։ Դու ինձ հնարավորություն տվեցիր իրականացնել երազանքներ, որոնք մանկության տարիներին անհնարին էին թվում, և ծանոթանալ անհավանական մարդկանց հետ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։

Այս ամենից ոչինչ հնարավոր չէր լինի առանց իմ ընտանիքի, ընկերների, թիմակիցների, մարզիչների և, ամենակարևորը՝ երկրպագուների։ Սերը, որը ցուցաբերում էին երկրպագուները յուրաքանչյուր երկրում և յուրաքանչյուր ակումբում, այն է, ինչ ես կտանեմ ինձ հետ ամբողջ կյանքում։ Ես հեռանում եմ խաղաղությամբ՝ իմանալով, որ տվել եմ ամեն ինչ յուրաքանչյուր մարզմանը և յուրաքանչյուր խաղում։ Հարգանքով այս մասնագիտության հանդեպ, որն ինձ այդքան շատ բան տվեց՝ սխալներով և ճիշտ որոշումներով»,- գրել է Կավանին սոցցանցի իր էջում։

Իր կարիերայի ընթացքում Կավանին մասնակցել է 745 հանդիպման՝ դառնալով 404 գոլի և 79 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Նապոլին», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հարձակվողի վերջին ակումբը «Բոկա Խունիորսն» էր։ Ուրուգվայի հավաքականի կազմում Կավանին դարձել է Ամերիկայի գավաթակիր։

Leave a Comment