Հայաստանում անվճար կրթությունը հնարավոր է, անվճար բժշկությունը՝ ևս․ Արման Թաթոյան

Երևան, Կապան, Դիլիջան, Իջևան, Մարտունի, Ներքին Գետաշեն, այսօր նաև՝ Հրազդան․ «Միասնության թևեր» նախաձեռնության 7-րդ գրասենյակը բացվեց։ Նախաձեռնությունը Հրազդանում էր՝ մարդկանց վստահեցնելու, որ պատրաստվում են լսել ու հավաքագրել քաղաքում առկա խնդիրները։

Չնայած ձյան առատությանը՝ հրազդանցիները հավաքվել էին՝ ոչ միայն ներկա լինելու, այլ նաև հարցեր տալու։ Նրանց, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Թաթոյանն էլ վստահեցրեց՝ մեր հույսը մենք ենք, որևէ մեկը չի փրկելու մեզ, բայց անհրաժեշտ է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։

«Հայաստանը պետք է հենվի սեփական կարողությունների վրա»,- ասաց նախաձեռնության ղեկավարը։

Նա ներկայացրեց նաև նախաձեռնության սոցիալական ուղղությունները՝ նշելով, որ մասնագիտական հաշվարկներով՝ Հայաստանում հնարավոր է ապահովել անվճար կրթություն և առողջապահություն՝ ճիշտ կառավարման և քաղաքական կամքի պայմաններում։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում անվճար կրթությունը հնարավոր է։ Անվճար բժշկությունը՝ ևս։ Մարդիկ ոչ թե պիտի իրենց գրպանից ավելի վճարեն բժշկական ապահովագրության համար, այլ բժշկությունը պիտի լինի անվճար։ Առողջ մարդն առողջ պետության գրավականն է, եթե մարդը հոգեպես և ֆիզիկապես առողջ չէ, ապա մենք չենք կարող ունենալ մեր երազանքների Հայաստանը»,-ասել է նա։

«Միասնության թևեր» նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն էլ հիշեցրեց Հրազդանի արդյունաբերական ներուժը և նշեց՝ քաղաքը կարող է կրկին դառնալ տնտեսական ակտիվության կենտրոն։

Հանդիպումից հետո քաղաքացիները ծանոթացան նորաբաց գրասենյակին։ Հետագա անելիքների մասին զրույցը շարունակվեց։ Նախաձեռնության հեղինակներն ասում են՝ այս գրասենյակը պարզապես հասցե չէ։ Սա փորձ է՝ քաղաքականությունը դարձնել հասանելի, ժողովրդի ձայնը՝ լսելի։

 

Leave a Comment