«2025թ բավականին բարդ իրադարձություններով լեցուն տարի էր, ընդ որում ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում, այլեւ տարածաշրջանում եւ գլոբալ աշխարհում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Եթե կարճ ամփոփելու լինենք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տարածաշրջանում եւ գլոբալ աշխարհում, ապա կնշենք, որ Հայաստանում առնվազն տեսանք քաղաքական ուժերի վերադիրքավորում եւ պատրաստում 2026թ խորհրդարանական ընտրություններին:
Տեսանք նաեւ, թե ինչպես են ՀՀ իշխանությունները տարբեր գործիքներով փորձում հասարակությանը համոզել, որ իրենց բերած խաղաղության օրակարգը բավականին ակտուալ է, եղան նաեւ հայտարարություններ Թուրքիայից, որ պատրաստվում են 2026թ կատարել սիմվոլիկ քայլեր Հայաստանի հանդեպ, մյուսն էլ Ադրբեջանից վառելիքի ներմուծումն էր Հայաստան: Այս ամբողջի համատեքստում Հայաստանի իշխանությունները, ինչպես նշեցի, ոչ միայն փորձեցին հասարակությանը համոզել, որ իրենց բերած խաղաղության օրակարգը կենսունակ է, այլեւ փոքր գործնական քայլերով ցույց տվեցին, որ իբր տեղաշարժ կա, թեեւ դրանք թույլ փաստարկներ են համոզելու համար, որ խաղաղության գործընթացն իրական է եւ ոչ թե պատրանքային»:
Քաղաքագետն, ի թիվս այլնի, անդրադարձավ տարածաշրջանում իրանա-իսրայելական հակամարտության ակտիվացմանը, որի արդյունքում սկսվեց 2020 թվականից ձեւավորված ստատուս-քվոյի վերափոխում, Իրանի դերի որոշակի փոփոխություն, Իսրայելի, Թուրքիայի դերի աճում: Նա խոսեց նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների որոշակի ձեւափոխումից:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Արա Պողոսյանը նշեց, որ երբ պետությունն իր կախվածությունը մեծացնում է արտաքին դերակատարներից, իր արտաքին կախվածությունը փոխհատուցում է երկրի ներսում ռեժիմի ավտորիտարացմամբ. «Որքան էլ ՀՀ իշխանությունները ուժգին գոռան, որ Հայաստանի Հանրապետությունն ուժեղացրել է ինքնիշխանությունը, ավելի անկախ է, քան երբեւէ, այս ողջ աղմուկի մեջ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազում: Ես չեմ հիշում մի դեպք, երբ նախկինում որեւէ արտաքին դերակատար Հայաստանին բացահայտ ստիպեր փոխել Սահմանադրությունը: Սահմանադրությունը պետության եւ ժողովրդի միջեւ պայմանագիր է, որը չի կարող ունենալ արտաքին պարտադրվածություն:
Եթե կա արտաքին պարտադրվածություն, եւ երկրի իշխանությունները լոյալ են այդ պարտադրանքի նկատմամբ, սա խոսում է այն մասին, որ լեգիտիմացվում են երկրի ներքին գործերին խառնվելու արտաքին մղումները: Ասել է թե՝ առնվազն Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտաքին պահանջները խոսում են այն մասին, որ երկրի ներսում մենք գործ ունենք ինքնիշխանության էական նվազման հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում քիչ անց:
Քաղաքագետը նաեւ փաստում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամենաշատն են շահագրգռված, որ 2026–ին ՀՀ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն. «ՀՀ գործող իշխանությունները ձեռնտու են գրեթե բոլոր արտաքին խաղացողներին, որովհետև լայն առումով չկա ՀՀ շահերի էքզիստենցիալ պաշտպանություն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ձեռք են բերել ՀՀ իշխանությունների վրա ազդեցության լծակներ, այլեւ այդ լծակներն ուղղորդվում են երկրի ներսում օրակարգեր գեներացնելու համար…Այնպես որ, միամտություն կլինի կարծելը, որ այս երկրները կարող է շահագրգռված չլինեն, որ 2026թ այս նույն իշխանությունները չվերարտադրվեն»:
Արա Պողոսյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները կարող են իրենց այսօրվա գործողությունները որակել ճկունություն, բայց ՀՀ ազգային շահերի հաշվին սպասարկում են մշուշոտ օրակարգեր, որոնք հեռու են ՀՀ կենսական շահերից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: