Օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, կարգելվի նաև օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը. Մխիթար Հայրապետյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ԲՏԱՆ կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։

Փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։

Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել Տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։

Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։

Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment