Վերամիավորումից հետո Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում հաստատել է 2026 թ համայնքի բյուջեն: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել։ Նրանք համարում են, որ բյուջեն անիրատեսական է։
Ավագանու նիստը սկսվեց ՀՀ և Վաղարշապատի օրհներգերով: Օրակարգային առաջին հարցերը վերաբերում էին Խոյ և Վաղարշապատ համայնքների կառավարչական հիմնարկների գործունեությունը դադարեցնելուն, Վաղարշապատի «Համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկներ ստեղծելուն և դրանց կանոնադրությունը հաստատելուն: ՏԻՄ ընտրություններից հետո Վաղարշապատ համայնքի կազմը համալրվել է նախկին Խոյ համայնքի 17 բնակավայրերով:
Ըստ այդմ՝ փոփոխություններ են եղել աշխատակազմի հաստիքացուցակներում և պաշտոնային դրույքաչափերում, իսկ համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվել է 710 հազար դրամ: Աշխատակազմի քարտուղար Երվանդ Խաչատրյանը բացատրում է ձևավորման կարգը:



«Համայնքի ղեկավարի աշխատավարձը տոկոսային հարաբերությամբ ԱԺ պատգամավոր աշխատավարձի 85.5 տոկոսը կարող է կազմել: Այս պարագայում 85 տոկոսի չափով է սահմանվել: Առավելագույնը չէի ասի, 85 տոկոս, դե, եթե այսպես նայենք կես տոկոսով՝ այո: Այստեղ խոսքը հարկերով աշխատավարձի մասին է»:
Նոր հաստիքացուցակներով բարձրացրել են նաև աշխատողների աշխատավարձերը, իսկ թե քանի տոկոսով, համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը դժվարացավ նշել։ Նա ասաց, որ Խոյ համայնքի գյուղական բնակավայրերի աշխատողներն անհամեմատ ավելի ցածր են վարձատրվել, քան Վաղարշապատինը:


«Տոկոսները տարբեր են, որովհետև Խոյ համայքապետարանի նույն հաստիքների համար եղել է այլ դրույքաչափ, Վաղարշապատի համայքապետարանի աշխատակազմում եղել է այլ դրույքաչափ: Հետևաբար, բարձրացումները տարբեր են լինելու։ Ավելի քիչ Վաղարշապատի նախորդ հաստիքացուցակի և ավելի շատ Խոյի նախորդ հաստիքացուցակի համեմատ»:
Ավագանու նիստում Խոյ համայնքի նախկին ղեկավար Լյուգվիկ Յայլոյանը նշանակվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ: Ավագանին հաստատեց նաև ենթակա ստորաբաժանումների, կրթական, մշակութային և մարզական հիմնարկների հաստիքները, սահմանեց այդ հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարի արտոնությունների չափը: Ավագանու «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները հիմնականում դեմ էին քվեարկում ներկայացված նախագծերին:

Բացառություն չէր նաև 2026 թ Վաղարշապատ համայնքի բյուջեի նախագիծը: Բյուջեի ուղերձը ներկայացրեց Արգիշտի Մեխակյանը:
«2026 թ բյուջեով նախատեսված է նախադպրոցական հաստատությունների, մարզադպրոցի, մշակույթի օբյեկտների պահպանման, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանն ուղղված աշխատանքները: 2026-ին կշարունակվեն նախակրթարանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները»:
Գերակա ուղղություն են համարվում բակային տարածքներում կանաչ գոտիների և խաղահրապարակների, նոր այգու հիմնումը, ասֆալտապատումը: Համայնքապետարանում ստեղծվելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: 2026 թ բյուջեով նախատեսվում են 5.5 մլրդ դրամ եկամուտներ, նույնչափով էլ ծախսեր: «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը դժգոհեց, որ իրենց խմբակցությանը չեն տեղեկացրել բյուջեի նախագծի հանրային քննարկման մասին:

«Հիմա մենք այստեղ բյուջե ենք քննարկում, բայց ինձ մոտ շատ-շատ հարցեր կան: Միգուցե, այդ հարցերի պատասխանները մենք ունենայինք ու, ենթադրենք, քվեարկեինք բյուջեին կողմ: Համատեղ աշխատանքի արդյունքում մենք ուզում ենք մեր համայնքի, մեր քաղաքի բյուջեն լավը լինի մեր պատկերացումներով, ձեր քաղաքական թիմի պատկերացումներով փորձենք ստեղծել լավ բյուջե, որը ծառայելու է համայնքին: Ես մեր խմբակցության անունից ասում եմ, որ մենք քվեարկելու ենք դեմ նաև ձեր կազմակերպչական աշխատանքի շնորհիվ»:
Բյուջեին դեմ քվեարկեցին նաև «Մայր Հայաստան» խմբակցության երկու անդամները: Խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը համայնքի բյուջեն անիրատեսական է համարում, քանի որ չի արտացոլում համայնքի իրական կարիքներն ու բնակչության սոցիալական խնդիրների լուծման քայլերը: Նա առաջարկեց զբոսաշրջությունը դարձնել գերակա ուղղություն:



«Մեզ ներկայացված բյուջեի 65 տոկոսն ապահովվելու է պետական բյուջեից: Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տուրիստական կենտրոն, ինչն իր հետևից կբերի հսկայական գումարներ, հնարավորություն կտա մեծացնելու համայնքի բյուջեն, թուլացնելու կախվածությունը դոտացիայից, դառնալու, իրոք, տեղական ինքնակառավարման մարմին ու լուծելու տեղական բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական»:
Վաղարշապատի ավագանու 33 անդամից 19-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն են։ Նրանց քվեարկությամբ էլ հաստատվեց համայնքի 2026 թ բյուջեն:

Տարեմուտի գիշերն Էջմիածնում տոնական միջոցառումներ չկան, իսկ քաղաքի տոնական զարդարանքի համար ծախսվել է 33 մլն դրամ, 19 մլն. դրամ էլ՝ տոնածառի գնման և զարդարման համար: