Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեցին մի քանի վկաներ։ Առաջին վկան Կարեն Եղիազարյանն էր, որը «Դոմուսի» աշխատակից է։ Նա իր տված ցուցմունքում նշեց, որ 1991-1992 թվականին իր հայրը հողամաս է ձեռք բերել, գնել մասնավոր անձից, այնուհետ վաճառել է։ Հողամասը իր անունով է եղել, սակայն ինքը փաստաթղթային գործողությունների չի մասնակցել, երիտասարդ է եղել։
«3-4 տարի առաջ էր, քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք, մենք մեր հողը սեփականաշնորհել ենք, վսյո, էդքան բան»,-ասաց վկան։
Մեղադրողը հարցրեց՝ տակի հողամասը, որը մասնավոր չի եղել, գնացել եք քաղաքապետարան ձեռք բերելու, կոնկրետ ի՞նչ գործողության եք մասնակցել, վկան ասաց, որ աճուրդ է եղել, հայտ է ներկայացրել իր հայրը, աճուրդից էլ 20 տարի անցել է, չի հիշում մանրամասներ։ Վկայի հայրը մահացել է։
Մեղադրողի հարցին՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, վկան պատասխանեց․ «Հայտն իմ անունով էր, հայրս ասաց՝ աճուրդ է , մենակ հիշում եմ՝ 2-րդ, թե 3-րդ հարկում էր․ մեզանից բացի էլի մասնակիցներ կային, չեմ հիշում քանի հոգի էին»։
Նա նշեց, որ իր քրոջ ամուսինը ևս ուզում էր ձեռք բերել այդ նույն հողամասը, աճուրդի է մասնակցել։ Հարցին՝ կոնֆլիկտ ունեի՞ք ձեր փեսայի հետ, որ նա էլ էր ուզում հողամասը ձեռք բերել, պատասխանեց՝ այո։
Նա հիշեց, որ աճուրդից հետո կադաստր են գնացել, որտեղ գրանցել են այդ հողամասը։ Վկայական են ունեցել, այդ հողամասը վաճառել են։
Հարցին՝ ձեզ կադաստրի կամ քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը հայտնե՞լ է, որ այդ հողը օտարման ենթակա չէ, վկան ասաց՝ «Չեմ հիշում նման բան, եթե նման բան լիներ, ի՞նչ գործ ուներ էդ հողը մեզ մոտ, չգիտեմ՝ կարելի է եղել, չի կարելի է եղել, չգիտեմ»։
«Զանգեցին քննչականից, երիտասարդ աղջիկ էր, ասաց՝ հողի համար կաշառք տվե՞լ եք, ասի՝ ինչի՞ պիտի տամ կաշառք, քուրիկ ջան»,-նորից կրկնեց վկան։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ևս հետաքրքրվեց՝ որևէ մեկն ասե՞լ է, թե այդ հողամասը «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի տակ է, վկան ասաց՝ ոչ։
Հողը ծանրաբեռնված է եղել ալյումինե տաղավարով, դա իրենք քանդել են։
Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի հետ որևէ շփում չի ունեցել, երբևէ չի տեսել շահագրգռվածություն նրա կողմից իրենց օգնելու։
Մյուս վկան՝ Արմեն Մինասյանն էլ, որը Կարեն Եղիազարյանի քրոջ ամուսինն է, ասաց, որ ինքը մի անգամ դիմել է աճուրդով հողամաս ձեռք բերելու։
Հարցին՝ երբևէ կոնֆլիկտ եղել է աներոջ հետ, վկան պատասխանեց՝ մի պահ եղել է, բայց նորմալ հարաբերությունների մեջ են։
Նա չհիշեց, թե ինչ հողամաս էր ուզում ձեռք բերել, քանի քառակուսի մետր էր։
Իսկ թե որտեղից էր իմացել աճուրդի մասին, ասաց՝ փոքր քաղաք է, որտեղ տեղեկատվությունն արագ տարածվում է։ Նա նշեց, որ տվյալ հողամասի համար աճուրդի մասնակցել է աներոջ խնդրանքով, մասնակցել են ինքն ու աները։
Վկան չհիշեց մանրամասներ աճուրդից։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հարցրեց՝ երբևէ Վարդան Ղուկասյանի անունը շոշափվե՞լ է, վկան ասաց՝ չեմ լսել։
«Քննիչի ցույց տված փաստաթղթում ձեր ստորագրությո՞ւնն է», -հարցրեցին վկային։
«Իմինին նման է, բայց իմը չէ», – պատասխանեց նա։
Քննվեց նաև կարևոր վկաներից մեկը՝ Արտյոմ Մազմանյանը, որը Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել։
Հարցին՝ հողերի մասնավորեցման գործընթացին մասնակցություն ունեի՞ք, Արտյոմ Մազմանյանը պատասխանեց՝ ոչ։
Հնարավո՞ր է իր պարտականությունները չի իմացել, վկան ասաց․ «էդպես ո՞նց կարող է»։
Նա նորից կրկնեց, որ հողերի օտարման գծով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է զբաղվել։
Հարցին՝ երբ նրանք կազմել են, փաստաթղթերը ներկայացրե՞լ են իրեն, ասաց՝ այո, բայց ավագանու նիստի օրակարգ մտցնելու համար են դա արել, ոչ թե իր վերահսկողությանն են հանձնել։ Նա նշեց, որ կնիքը իր մոտ չի եղել, այն եղել է քաղաքապետի հետ։
Հարցին՝ հողերը օտարելուց հաշվի առնվե՞լ է՝ այն օտարման ենթակա՞ է, թե՞ ոչ, վկան պատասխանեց․ «Այդ հարցերով զբաղվել է նաև իրավաբանական բաժնի պետը»։
«Ձեր կենտրոնական զբոսայգին քանի՞ տարվա զբոսայգի է», պետական մեղադրողի հարցին՝ վկան պատասխանեց․ «Միշտ էլ զբոսայգի է եղել»։
Նա նշեց, որ վիճելի հարցերի դեպքում քաղաքաշինության բաժնի պետը իրավաբանական բաժնի պետ միասին դիմել են մարզպետարան։
Պետական մեղադրողները նրան ասացին, որ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի կողմից տեղեկանք է տրվել, որ կենտրոնական զբոսայգին չի ընկնում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ ու կարող է օտարվել։
«Բավարա՞ր է դա օտարելու», -հարցրեցին Արտյոմ Մազմանյանին։ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ կա տեղեկանք՝ հողատարածքի որոշ հատվածի մասին, այլ ոչ ամբողջ զբոսայգու։
Մեղադրողը Արտյոմ Մազմանյանին հիշեցրեց, որ նա եղել է աճուրդային հանձնաժողովի անդամ։ Նա, սակայն ասաց, որ չի հիշում իր պարտականությունները, իրավունքները, աճուրդն իրականացնելու կարգը։
«Եղե՞լ է դեպք, որ աճուրդին որևէ մեկը չմասնակցի, բայց մեկին օտարվի»,-հետաքրքրվեց մեղադրողը։
«Բացառվում է»,-պատասխանեց Արտյոմ Մազմանյանը։
Նա նշեց, որ 99 տոկոսով մասնակցել է աճուրդներին։
Նրանից հետաքրքրվեցին՝ եղե՞լ է դեպք, որ առանց մարզպետարանի, քաղաքաշինության նախարարության թույլտվության կանաչ գոտին օտարվի, սահմանափակումները հաշվի չառնեն, վկան պատասխանեց․ «Չեմ հիշում»։
« Եղե՞լ է դեպք, որ քաղաքապետը կամ փոխքաղաքապետ մի բան ասի, համաձայն չլինեք»։
«Կոնկրետ չեմ հիշում, բայց եղած կլինի»,-պատասխանեց Արտյոմ Մազմանյանը։
Մեղադրողը նշեց․ «Մենք վերցրել ենք փաստաթղթերը, ուսումնասիրել, եղել են դեպքեր, դուք չեք մասնակցել, ո՞նց եք ստորագրել»։
Արտյոմ Մազմանյանը մեկ անգամ ևս կրկնեց, որր իր գործառույթը քաղաքապետի ստորագրությունը վավերացնել է, թե իսկականի հետ ճիշտ է, բայց իր գործառույթների մեջ չի մտնել որոշումների հիմքերին ծանոթանալը։
«Պարոն Մազմանյան, մի վախենա, ստեղ մարդ չեն մորթե, ինչ որ ճիշտն է ասա»,-տեղից միջամտեց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
