Գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառը – Live News

Հանրապետության հրապարակին կից Ս Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում,  մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառը։

Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառն աջակցում է հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը, ինչպես նաև հարթակ է ապահովում՝ հայ արհեստավորներին իրենց աշխատանքները ներկայացնելու և վաճառելու համար: Ներկայացված են Ժողովրդական արվեստների թանգարանի վարպետների ստեղծած յուրօրինակ հուշանվերները և Երևանի ու ՀՀ մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սաների պատրաստած ավանդական ուտեստները։

Տոնավաճառի շրջանակում վարպետաց դասով հանդես են եկել շեֆ խոհարարներ Սեդրակ Մամուլյանը և Յուրի Սարգսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել են հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկի՝ Արագածոտնի հագանու պատրաստման վարպետաց դասին:

Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

Leave a Comment