«Ինչպես Ադրբեջանում է իրենց  հոգեւոր առաջնորդը Ադրբեջանի  նախագահի ապարատի մաս կազմում, այնպես էլ Հայաստանում են ցանկանում եկեղեցին դարձնել կառավարությանը կից մի կառույց». Վիգեն Հակոբյան

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակման դադարեցմանը,  Մայր Աթոռին անհատույց գույք ձեռք բերելու սեփականության իրավունքից զրկելուն, եւ ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանությունների արշավին ու Ալիեւին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի շնորհակալություն հայտնելուն՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հետեւյալը նշեց. «Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես ամեն ինչում կարելի է մեղադրել, բայց դժվար է մեղադրել, որ ինքը հետեւողական չէ իր հակահայկական գործունեության մեջ: Նա համակարգված կերպով փորձում է բոլոր այն ինստիտուտները, որոնք հայապահպանության, հայի իդենտիֆիկացման հետ են կապված եւ  հայի կերպարն են կերտում,  վերափոխել իր  «Իրական Հայաստանի» կոնցեպտի շրջանակում: Այն ինչ կապված է իր  ազդարարած պատմական Հայաստանի հետ, Փաշինյանը փորձում է կոտրել, ցանկացած դիմադրողականություն, որ կարող է իր հռչակած կոնցեպտի դեմ դուրս գալ, փորձում է ջարդել: Այդ պատճառով բավականին  հետեւողական, բազմավեկտոր, ընդլայնված եւ խորացված պայքար է մղում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որովհետեւ եկեղեցին հենց այն  եզակի ինստիտուտներից  է, որը դեռեւս դիմակայում է Նիկոլ Փաշինյանի՝ հայի վերափոխման կոնցեպտին: Ի վերջո «Կրթությունը նորաձեւ է » պրոյեկտն էլ է դրան ուղղված՝ ուղեղի լվացում, որի արդյունքում հայի ավանդական կերպարը պետք է փոխվի ինչ-որ ամորֆ, կոսմոպոլիտ սուբստանցիայի: Այս երկու օրվա ընթացքում կատարվածը, Ալիեւին հրապարակավ շնորհակալություն հայտնելը՝ իբր Ալիեւի մեծահոգության համար հենց, այդ տիրույթում են: Բոլոր ատյաններում, որտեղ հնարավոր է, Բրյուսելում կլինի, թե տվյալ դեպքում Սանկտ Պետերբուրգում կամ մեկ այլ վայրում, ինքը փորձում է իր կարգավիճակը իր կառավարիչի նկատմամբ շեշտել»:

Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանը հավելում է. «Ես միշտ ասել եմ,որ 2025թ  գլխավոր արձանագրումը գոնե ինձ համար որպես փորձագետի այն է, որ Հայաստանը դարձել է արտաքին կառավարման սուբյեկտ, որն իրականացվում է ոչ թե ուղղակի գերտերությունների կողմից, այլ դա իրականացնում է այն օպերատորը, որը կառավարում է Հայաստանը՝ ՀՀ իշխանությունների միջոցով, եւ այդ օպերատորը Ադրբեջանն է:

Այսինքն` այն գերտերությունները, որոնք կառավարում են Հայաստանը եւ Հայաստանի այսօրվա իշխանությանը՝ իր ղեկավարի գլխավորությամբ,  ուղղակի չեն կառավարում, այլ օպերատոր են ընտրել՝ առանց տենդերի, ի դեմս Ադրբեջանի: Ցավոք, Հայաստանն այսօր արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է: Այդ իսկ պատճառով այս վարքագիծը, որն անընդհատ դրսեւորում է Նիկոլ Փաշինյանը  Ալիեւի նկատմամբ, շողոքորթելու այսպես կոչված իբր իր պատկերացմամբ արևելյան դիվանագիտությամբ,  հենց դրա դրսեւորումն է: Իր առջեւ նման խնդիր են դրել, եւ ինքը փորձում է համապատասխանել իր կարգավիճակին:

Ինչ վերաբերվում է կառավարության նիստում ընդունված համապատասխան որոշմանը՝ եկեղեցու գույքի հետ կապված, դա էլ հերթական քայլն է: Նույնն էլ Շողակաթին է վերաբերում: Իրականում Փաշինյանի գլխավոր խնդիրը Հայ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելն է, Հայ Առաքելական եկեղեցու բնույթը, բովանդակությունը փոխելն  է, ինչպես Ադրբեջանում է իրենց  հոգեւոր առաջնորդը Ադրբեջանի  նախագահի ապարատի մաս կազմում, այնպես էլ Հայաստանում են ցանկանում եկեղեցին դարձնել կառավարությանը կից մի կառույց, որը պետք է օժանդակի Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին պատվերով իրականացվող հայի կերպարի վերափոխմանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment