«Էդ քաղաքում 10 տարի ապրում է, դատախազ հալով մի ծառ չի տնկել, բայց էդ տեսակը ընտրյալներին ուղարկում է սիբիրները»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում վկա Կարեն Եղիազարյանի հարցաքննությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ։

«Հայտարարություն ունեմ այս գործի վերաբերյալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախկին քաղաքապետերի 90 տոկոսը դատվում են, ես հիմա բարձրաձայնում եմ՝ ինչ մեղադրանք, որ առաջադրել եք Գյումրու քաղաքապետին, դատախազությունն այդ մեղադրանքը պիտի առաջադրի իմ ժամանակահատվածում աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի գործունեությունը և քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ, որ եղել է քաղաքապետարանում, բնօրինակը գնացել է մարզպետարան։

Նույն հոդվածը պիտի առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքաշինության տեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախագահների վերահսկողության ծառայության պետերին և վարչապետի վերահսկողական պետերին և վերահսկիչ պալատին, որ տարին մի քանի անգամ ստուգել է քաղաքապետարանի գործունեությունը։

Ես պահանջում եմ, որ բոլոր էդ տարիներին ստուգող կառույցների վերջում ներկայացրած արձանագրությունները բերեն էստեղ, տեսնենք՝ ինչ խախտումներ են կատարվել։

Հետևաբար, եթե մենք ասում ենք, թե 60 հոդվածի տակ ընկնող գործը մենք պտտեցրել ենք և էդ փաստաթղթերը չկան, սա քաղաքական պատվեր է մեր նկատմամբ, մի վայրկյան է պետք, որ էդ փաստաթղթերը միջից գողանային, տանեին։ Դա ի՞նչ է, վայրկենական է, ո՞վ է տեսել, ո՞վ է ստուգել՝ քանի փաստաթուղթ են առգրավել քաղաքապետարանից։

Եվ դրանից հետո եկել, ստուգել են, կադաստրը գրանցել է, էսօր պատկերացրա, 30-40 հոգի աշխատում են քաղաքապետարանում, որոնք մասնագետներ են, և էդ գործունությունը իրենք են ծավալում, էս խոսքերը գցել են ոտքի տակ, քաղաքապետն ընդհանրապես անելու գործառույթ չունի, վերջում նրանց արածը հաստատում է, կարող է և չհաստատի։

Նույնությամբ մարզպետների վրա դրեք էդ հոդվածը, դրեք էդ հոդվածը Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, եթե մասսայաբար 90 տոկոսը քաղաքապետերի դատվում է, 90 տոկոսը քաղաքապետերի ու գյուղապետերի դատվում են, էս ինչ վիճակ է։ Էսպե՞ս է երկիրը կառուցվում, նախկինից փոխանցել է էսօրվանի վրա ու համապատասխան ձևով։

Այսինքն՝ սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ էն ժամանակվա մենք իշխանի պարտականությունն էին տանում, իշխաններին խեղդում են, որպեսզի ինչ ուզենային, անեին։ Այսինքն՝ ընտրվող ժողովրդին ավիրում են, վերացնում են էս երկրից, քաշող ուժը վերացնում են, էս ինչ գործեր են», – զայրացած տոնով ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ երկրաշարժից հետո Գյումրին ավերակների էր վերածվել, ներդրումներ չեն եղել, ինքն է քաղաքը տնակներից ազատել, մեռյալ քաղաքին կենդանություն տվել։

«Երկրի բարձր պարգևներին արժանացած մարդուն բերել եք, ամբաստանյալի աթոռին եք դրել, մի ծառ չի տնկել դատախազ հալով, էդ քաղաքում 10 տարի ապրում է։ Եվ էս վիճակին բերել եք ընտրյալներին, հավանական է Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Նժդեհին և մնացածին, այն մարդիկ, որոնք 10 տարի ղրկում էին սիբիրները, հիմա էլ նույն մարդիկ, նույն տեսակը, մեզ են ուղարկում սիբիրները։ Շնորհակալ ենք»։

Նա մեջբերեց Դավիթ մարգարեի խոսքերը։ Ասաց՝ ինչքան իր ունեցվածքը խլեցին, գողացան, Աստված իր հետ է։ «Եթե Աստված ընդ մեզ է, ով կարող է զիս մենամարտել»-եզրափակեց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment