Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց․ «Այս նախագծով առաջարկում ենք նոր ծրագիր սկսենք, որը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որոնք մենք տրամադրում ենք, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով՝ չեն կարողանում։ Հիմնականում փոքրաթիվ ընտանիքներն են՝ 1-3 անդամ ունեցող, ովքեր ունեն հաշմանդամության կամ ծանր հաշմանդամության կարգ կամ բարձր տարիքի են։ Եվ մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով։ Այլընտրանքը կայանում է հետեւյալում, որ եթե նրանք բավարարում են այն բոլոր պայմաններին, որոնք նրանց թույլ են տալիս օգտվել հավաստագրից, դա հիմնականում քաղաքացիության պահանջն է, բայց չեն կարողանալու, որովհետեւ այդ գումարը քիչ է լինելու, ասենք մեկ կամ երկու հոգանոց ընտանիք է, հավաստագիր չեն կարող իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում՝ հերթացուցակում որպես պոտենցիալ ֆոնդի շահառու։ Բայց քանի որ այդ պահին հավանաբար մենք չենք կարող իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետեւ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով»։
Նա նշեց, որ 10 տարվա ընթացքում, եթե իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում կլինեն սոցիալական բնակարաններ, կառավարությունը նրանց առաջարկելու է որեւէ փուլում տեղափոխվել այդ բնակարան՝ որպես ավելի կայուն ապրելու վայր։ «Եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն միջոցառումից, եթե կհամաձայնեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը ներկայացրեց պայմանները, թե որ շահառուներին է վերաբերելու։
Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ:
«Սրանով մենք լուծում ենք փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցը»,- ասաց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ չզեկուցվող հարցերի թվում արցախցիների համար ընդունված մյուս որոշումներին։ «Մի նոր ծրագիր էլ ենք ներդնում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությունը խթանելու համար։ Ամբողջությամբ նոր ծրագիր ենք ներդնում այն քաղաքացիների համար, ովքեր օգտվել են մեր բնակապահովման ծրագրից։ Փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ է, որպեսզի կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ, եթե կարիք կա՝ հավելյալ վարկային միջոցներ վերցնել՝ ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերելու, քան մեր հավաստագրերն են»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: