Պետական և համայնքային հողերը եկեղեցուն այլևս չեն տրամադրի սեփականության իրավունքով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն պետական և համայնքային հողերն այլևս չեն տրամադրի սեփականության իրավունքով։ Կառավարությունը առաջարկվող փոփոխության նախագծին հավանություն է տվել դեկտեմբերի 25-ի նիստում։

Եկեղեցուն հողերը կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց, մշտական օգտագործման իրավունքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մասնավորապես, առաջարկել է ուժը կորցրած ճանաչել գործող օրենսդրությամբ նախատեսված դրույթը, որը թույլ էր տալիս պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը անվճար, սեփականության իրավունքով տրամադրել Մայր Աթոռին՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցման ու սպասարկման նպատակով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման կարգավորումն այլևս անհրաժեշտ չէ, քանի որ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով արդեն նախատեսված է եկեղեցուն պետական և համայնքային հողերը առանց մրցույթի տրամադրել անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Մայր Աթոռին առնչվող յուրաքանչյուր օրինագիծ Փաշինյանի ընդդիմախոսները պայմանավորում են եկեղեցու դեմ իշխանությունների գործողություններով։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Փաշինյանի այցը Գյումրի․ զուգահեռ պատարագներ և ակցիա՝ ի նշան բողոքի
Հավաք՝ հաջակցություն կաթողիկոսի և նրա հրաժարականի պահանջով եպիսկոպոսների նամակը. ի՞նչ է տեղի ունեցել այսօր Էջմիածնում
Կառավարությունը հավանություն տվեց «Շողակաթը» լուծարելու նախագծին

Leave a Comment