Դեկտեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Eleveight AI ընկերության բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Դավիթ Առաքելյանը։
Քննարկման առանցքում են եղել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների ձևավորման հեռանկարները։
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթություններն արհեստական բանականության ուղղությամբ՝ ընդգծելով պետական քաղաքականության առանցքային ուղղությունները, մասնավորապես, սուվերեն հաշվարկային հզորությունների ձևավորումը, տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը և արտաքին տեխնոլոգիական կախվածության նվազեցումը։ Իր խոսքում նախարարը կարևորել է ԱԲ լուծումների կիրառումը պետական և մասնավոր հատվածներում՝ որպես թվային տնտեսության զարգացման խթան։
Արման Ալեքսանյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նոր սերնդի արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի ստեղծման ռազմավարական նշանակությունը։ Նրա խոսքով` նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից տրամադրված նորագույն գրաֆիկական պրոցեսորների արտահանման արտոնագրի շնորհիվ, որն ինքնին նվաճում է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Eleveight AI-ի կողմից մշակվող AI-as-a-Service, GPU-as-a-Service և ամպային ծառայությունների զարգացման հնարավորություններին, մասնավորապես, վերականգնվող էներգիայի վրա հիմնված էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կիրառման մոտեցումներին:
Ամփոփելով հանդիպումը` երկուստեք կարևորել են շփումների շարունակականությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ և պատրաստակամություն հայտնել ընդլայնել քննարկումները՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցության կոնկրետ ձևաչափերի մշակման ուղղությամբ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: