Ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչու է մերժել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, կալանավորված հոգեւորականների եւ Վեհափառ հայրապետի նախաձեռնությանը միանալու առաջարկը:
«Ես չեմ կարծում՝ Վեհափառը կարիք ունի պաշտպանության, որովհետեւ այն մեղադրանքը, որ իրեն ներկայացվում է, Քրեական օրենսգրքից դուրս է: Ունի՞ երեխա, թե՞ չունի երեխա, դա բացարձակապես կապ չունի ՀՀ Քրեական օրենսգրքի հետ: Ի՞նչը պաշտպանեմ»,- ասաց Բաբայանը:
Մեր դիտարկմանը՝ իշխանության հարձակումներից, պարոն Բաբայանը շարունակեց. «Դե հարձակումներից, որ իշխանությունը սկսել է, ես ուրեմն նույն ձեւով կարող եմ պաշտպանել իշխանությանը, որի վրա հարձակումը սկսել են որոշակի հոգեւորականներ, ինչո՞ւ, դա իմ գործը չէ»:
Պարոն Բաբայանը նաեւ ասաց, որ Վեհափառ հայրապետի հայտարարությունները Մարիա Զախարովայի հայտարարություններից չեն տարբերվում. «Երբ Վեհափառը ասում է, որ Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը չեն արտացոլում Հայ Առաքելական եկեղեցու հայացքները, ես համարում եմ դա խառնվել քաղաքականության մեջ: Որովհետեւ ինչ էր ասել Վազգեն արքեպիսկոպոսը, նա ողջունել էր խաղաղությունը եւ ողջունել էր, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն : Չեմ կարծում՝ այդ անմեղ, բայց պետական ուղղվածության մեջ տեղավորվող դրույթը՝ խաղաղությունն ու ընթացքը դեպի Եվրամիություն, արժեր, որ այն չեղարկվեր ամենաբարձր ատյանում: Կարծում եմ՝ Վեհափառի ու Մարիա Զախարովայի հայտարարությունները պետք է իրարից տարբերվեն»
Ըստ Բաբայանի՝ եկեղեցի-իշխանություն պայքարում հաղթողը պարտված է լինելու՝ անկախ նրանից ով կլինի հաղթողը. «Ունենք իշխանության կողմից առաջ բերած թեզը, որը լայն դրական արձագանք չի գտնում հանրության մեջ, բայց նաեւ ունենք վարկաբեկված շատ եկեղեցականներ: Սա հասարակ ձեւով չի վերանա: Ինչու եմ ասում՝ պարտվածը շահող կլինի, որովհետեւ պարտվածին միշտ համակրում են»:
Ռուբեն Բաբայանը անդրադարձել է նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից քաղաքացիներին, հասարակա-քաղաքական գործիչներին թքել-մրելու դեպքերին, որոնք ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական չեն ստանում. «Դուք ուզում եք լսել, որ ասեմ վա՞տ է, շատ վատ է: Բայց եկեք խոսքի ազատությունը վիրավորանքի ու հայհոյանքի ազատության հետ չխառնենք: Անկախ նրանից՝ որ կողմից է դա հնչում: Չեմ կարող ասել, որ արդարացնում եմ իշխանության կողմից եկած վիրավորանքը եւ մերժում եմ ընդդիմության կամ որեւէ լրագրողից եկած վիրավորանքը: Եթե մերժում եմ վիրավորանքն ու բռնությունը, մերժում եմ դա ընդհանրապես: Ես չեմ արդարացնում որեւէ մեկի խուժանական պահվածքը »:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: