Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը.
Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները
Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը
Դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
Թվայնացումը և կիբերանվտանգությունը,
Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Սրբուհի Գալյանը հայտնել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունների՝ ծննդի և ամուսնության, ինչպես նաև բիզնեսի գրանցման իրականացումը առցանց եղանակով։ Նա ընդգծել է, որ թվայնացվել են նաև դատավարության գործընթացները:
Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի նախագծերին։ Քննարկվել է նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ պատրաստ են աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Նախարարը նշել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման փաստաթղթի մշակման և ներկայացման հարցը։
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: