Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։
Ինչպես բնութագրում են գյումրեցիներից շատերը՝ այս տոնածառը քաղաքական է․ բանն այն է, որ Գյումրու ընդդիմադիր իշխանությունը հարկ համարեց քաղաքի կենտրոնական հրապարկում տեղադրել հին տոնածառը՝ հրաժարվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած տարի նվիրած նոր տոնածառից։ Այն տեղափոխվեց Գյումրու ծայրամասային Մուշ թաղամաս։ Այս թեման էլ դարձավ բուռն քննարկման թեմա ՔՊ-ականների ու ընդդիմադիր ուժերի միջև։
Տոնածառյան կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ «Մեր ձևով» շարժման Գյումրու համակարգող Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրեց դեկտեմբերի 24-ին Գյումրի հրավիրելով՝ մեր ձևով նշելու Ամանորը։
Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը ինչպես որ գյումրեցիներին չթողեց առանց քաղաքի տոնի, այժմ էլ թույլ չի տա, որ քաղաքը մնա առանց ամանորյա զարդարանքի․ այն Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել են քաղաքի ամանորյա զարդարանքը։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունի պատասխանը չուշացավ, նա իր հերթին արձագանքեց՝ գրելով․ «Գյումրու բյուջեից 24 մլն դրամն ինչի՞ համար և ո՞ւմ տրվեց, եթե այսօր ինչ-որ մարդիկ են իրենց ձևով քաղաքը զարդարելու հայտարարություններ անում:
Ո՞ւր են հատկացված գումարները, նախագծին կողմ քվեարկած հարգելի ավագանիներ:
Է՞լ ում տանն է նման իրավիճակ, որ տանտերը տոնական ծախսի ու զարդարանքի գումարը տա, բայց հարևանը գա տունն իր ուզած ձևով զարդարի:
Ձեր ձևերով Գյումրի թափանցողներ, բա որտե՞ղ էիք նախորդ տարի, գյումրեցու նկատմամբ այս բուռն սերը ո՞նց չարթնացավ 2024-ի տարեվերջին, երբ իրականում խնդիր կար:
Գյումրեցու հետ փողի լեզվով խոսելը, կյանք տեսած ու արժանապատիվ կենսագրություն ունեցող քաղաքին ոսկեգույն փայլով շլացնելու ձեր խղճուկ փորձը ամոթից զատ, բարոյական էլ չէ»:
Ինչևէ, այսօր ուրախ տրամադրությամբ ու հանդիսավարի գեղեցիկ խոսքերով վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը, Գյումրին համարեցին կախարդական քաղաք, հիշեցրեցին, որ մենք՝ գյումրեցիներս, բնակվում ենք աշխարհի ամենահրաշալի անկյունում։
Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը իր ելույթը սկսեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու Միքայել Սրբազանի կալանավորված լինելու մասին հիշեցնելով։
Նա նշեց, որ Գյումրուն հայրաքաղաք պատվանունը տրվել է Վարդան Ղուկասյանի կողմից, սակայն այս կարևոր օրը նշում են առանց քաղաքապետի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
Տեասնյութերը վերցվել են Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: