«Ինձ համար շատ ցավոտ էր տեսնել կիրակի օրվա իրավիճակը։ Դա ոչ միայն հոգեւոր առումով հարված էր, այլեւ հարված էր ինքնության տեսակետից»,-ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով Էջմիածնում Սուրբ պատարագի ժամանակ Մայր Աթոռի նկատմամբ կազմակերպված գրոհին։
Տիկին Աղաջանյանը նաեւ հայության ինքնությանը հարվածող ավելի ու ավելի ակնհայտ դարձող մեկ այլ երեւույթ էլ է արձանագրել, որը նույնպես նրան շատ մտահոգում է։ «Մենք տեսնում ենք նաեւ, որ մեր իրավապահ ուժերի արտահագուստի վրա հայերեն տառերով գրությունները գնալով անհետանում են՝ տեղը զիջելով լատինատառ հսկայական չափով գրություններին։ Դա եւս մի դրսեւորում է այս իշխանությունների օտարապաշտ եւ օտարամոլ լինելու, նրանց թելադրանքով շարժվելու։
Պատահական չէ, որ այս իրավիճակում նաեւ այսպես կոչված ՆԱՏՕ-ական հագուստի նմանությամբ զինվորների արտահագուստի ինչ-որ բաներ են ստեղծում մեր Պաշտպանության բանակի համար, որը անգամ տարակուսանք է հարուցում, թե մեր բնակլիմայական պայմանների եւ մեր զինվորների ծառայության պայմանների պարագայում քանի րոպե են դիմանալու։ Հատկապես կոշիկները։ Գուցե, այլ տեսակներ էլ կան, բայց այն, ինչը ցուցադրվեց, ինձ հիշեցնում էր Իրաքի վրա «Անապատի մրրիկ» հարձակմանը մասնակցած ամերիկյան զինվորների արտահագուստը։ Իսկ կոշիկները, կարծես, բալետ պարողների կոշիկներ լինեին, որը մեր լեռնային արահետներին երեւի թե երեք ժամ էլ չի դիմանա։
Հետաքրքիր է, թե այդ արտահագուստը ի՞նչ գնային ռեժիմով է լինելու, արդյո՞ք, դրանք ապահովում են ջերմային այն տատանումների մեծ ամպլիտուդը, որ մենք ունենք։ Մեր կլիմայական պայմաններում եւ քանակական առումով փոխարինելու տեսանկյունից ինչպե՞ս է դա իրականացվելու։ Բայց կարծում եմ, որ Աստված հաջողի այս իշխանություններին հրաժեշտ տալուց հետո շատ ու շատ հարցերի հետ մեկտեղ այդ հարցին կանդրադառնանք պատշաճ»,-ասաց տիկին Աղաջանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: