Ընտրողին քվեաթերթիկների մեծ տրցակ․ ո՞ր քաղաքական ուժերի անունները կլինեն քվեաթերթիկում

Հայաստանի ներքաղաքական դաշտը նոր չէ, որ պատրաստվում է 2026-ի հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Քաղաքական միավորները դաշտում դիրքավորվում են, վերադասավորվում, սակայն ներքաղաքական դաշտը դեռ որոշակի տեսք չի ստացել։ Տևական ժամանակ է՝ ներքաղաքական դաշտում բաց և ոչ հրապարակային բանակցություններ են՝ ուղղված նախընտրական տարբեր միավորումներ և նոր ձևաչափեր ձևավորելուն։ «Ռադիոլուր»-ը փորձել է քաղաքական դաշտի այս պահի պատկերը ստանալ՝ հիմնվելով 2025-ի ընթացքում հնչած հայտարարությունների վրա։

Եթե դիտարկենք անցնող տարվա ընթացքում 2026-ի համապետական ընտրություններին առաջադրվելու հայտարարությունները, ապա, պարզ հաշվարկով, արդեն մոտ 20 քաղաքական ուժ է ծրագրել ընտրապայքարի մեջ մտնել։ Այս պահին շատերը պահում են ինտրիգը և պարզապես հաստատում, որ կուլիսային քննարկումներ են անցկացվում տարբեր ուժերի և անհատների միջև։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ, դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս փուլի շփումներն անվանում է «զոնդաժ»։ Ասում է՝ կողմ են նոր սկզբունքով  գործակցության, որի հիմքում դասական միավորումները չեն։

«Այո, մենք կոնսուլտացիաներ սկսել ենք։ Դեռ «զոնդաժ» է՝ այսպես ասած։ Մյուսներն էլ թող անեն։ Ժամանակն է հասկանալ, պետք է ուղղության ճիշտ ընտրություն կատարել։ Եթե մենք հիմա նստենք և մտածենք, թե ինչպիսի կոալիցիայով կարող ենք առաջնային ուժ դառնալ, դա երևի չբավարարի ժողովրդին։ Տարբերակներ էլ կան։ Ոչ թե անպայման կուսակցությունները միավորվեն և որպես քաղաքական միավոր հանդես գան, այլ միգուցե նաև մենք կարողանանք ձևավորել այնպիսի մի թիմ, որը լինի ապագա կառավարության կազմը։ Այսինքն` մարդիկ տեսնեն, թե ովքեր են վերցնում այդ պատասխանատվությունը իրենց վրա և ինչ ծրագրով են վերցնում այդ պատասխանատվությունը։ Որովհետև քաղաքական ուժերի նկատմամբ որոշակի անվստահությունը առկա է, և դրա համար, միգուցե, դա ավելի ճիշտ մոտեցում լինի»։

Խոշոր միավորումների և բևեռների միջոցով ընտրության գնալու կողմնակից է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն արդեն հայտարարել է իր բացառության մասին․ որևէ ձևաչափով չեն գործակցելու իշխող Քաղաքացիական պայմանագրի հետ։ Էդմոն Մարուքյանն անթույլատրելի է համարում 2021-ի սցենարի կրկնությունը 2026-ին։

«Մենք 21 թվականին փորձել ենք խոշորացման քայլեր անել։ Մի 3-4 ուժի հանդիպեցինք, յուրաքանչյուրը 20-25% ձայն ուներ, գտնում էր, որ խոշորանալու իմաստ չկա։ Վերջում շուրջ 20% ձայն փոշիացավ, խորհրդարան անցավ երկու ուժ, երրորդը բարյերի տակ մնաց։ Իրար հարող ուժերը՝ որոշակի կոմպրոմիսների գնալով տարատեսակ ծրագրային մոտեցումների իմաստով, կարող են ձևավորել դաշինք։ Ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Որքան խոշոր, այնքան լավ, որքան խոշոր, այնքան վախենալու, որ չկարողանան չգրանցել։ Սա է բանաձևը, սա է մեր ճանապարհային քարտեզը»։

2026-ին ընդառաջ՝ դաշտում հայտնի ուժերը փորձում են նաև, այսպես ասենք, ռեբրենդինգի դիմել՝ ընտրողին ներկայանալ նորովի։ Շատերը դեռ մոդելը չեն որոշել, ինչպես օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն հայտարարել է՝ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց ինքն անձամբ մեծ հավանականությամբ կմասնակցի ընտրություններին։  

«Մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ-որ մի մասը վերցնել։ Լավ, օկ, 2% տարար, հետո՞։ Դու մեր ձայների հաշվին հայտնվեցիր Ազգային ժողովում, բայց դու լրացուցիչ ներդրում չես բերում դրանով իշխանափոխության համար։ Եթե նպատակը իսկապես դա է, այստեղ ինձ մոտ ևս կասկածներ է առաջանում, թե նպատակը իսկապես դա է»։

Քոչարյանի այս խոսքը որոշ դեպքերում ընկալվեց որպես ուղիղ ասելիք Դաշնակցությանը։ Խոսակցություն շրջանառվեց, թե երկրորդ նախագահի քաղաքական հենարանը 2026-ին այլևս Դաշնակցությունը չի լինելու։ Լուրերը, թե այս անգամ այդ գործիչը ընտրությունների գնալու է 2024-ին ստեղծված «Առաջ» կուսակցության հետ, դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, իր իսկ ձևակերպմամբ, առաջին անգամ է լսում։

«Դաշնակցությունն իր մասնակցության ձևաչափը որոշում է ժողովների միջոցով։ Երբ հայտնի լինի, կասենք։ Շատ նորմալ հարաբերություններ են «Հայաստան» դաշինքի շրջանակներում։ Մենք մեր գործընկերների հետ ունենք շատ նորմալ հարաբերություններ, որևէ խնդիր չկա այս պահով, բայց ընտրությունների ձևաչափը կորոշվի ժողովին»։

Ներքաղաքական դաշտում արդեն հայտնի անունների կողքին կան նաև նորաստեղծ քաղաքական միավորումներ, որոնց համար 2026-ի խորհրդարանական ընտրություններն ընտրողին ներկայանալու առաջին փորձն են լինելու։

Նոր անուններից է, օրինակ, «Նժար» շարժումը՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի վարչապետության թեկնածությամբ։ «ՀայաՔվե» նախաձեռնությունը նույնպես ծրագրում է ուժերը փորձել խորհրդարանական ընտրություններում։ Իսկ «Մեր ձևով» շարժման անդամները համոզված են, որ իրենց ներկայությամբ Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվ և աճող շարժում են ապահովել։ Շարժման հիմնադրած քաղաքական ուժի անվանումը և ընտրություններին մասնակցության ձևաչափը կհայտնեն ավելի ուշ՝ ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Առաջնորդը կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար։ Քաղաքական ուժի անունը և քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին` քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Կոալիցիայի հարցը բաց ենք թողում մինչև նախընտրական շրջանը։ Կան քննարկվող տարբեր տարբերակներ, բայց ինչպես նշել ենք, կոալիցիայի մեջ նոր առաջարկ պետք է լինի մեր հանրությանը»։

Նոր առաջարկով հանդես է եկել նաև նորաստեղծ ուժերից «Միասնության թևեր»-ը։ Այդ ուժի առաջնորդ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր հրապարակային առաջին ուղերձներից մեկն ուղղել էր նախկին նախագահներին։

«Եթե դուք իսկապես ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին»։

Տարբեր գնահատականներով՝ այս հայտարարությունն ընդդիմադիր դաշտում արդեն բացառել է գործակցության որոշ ձևաչափեր։ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը սոցցանցային գրառմամբ արձագանքել էր հայտարարությանը․

«Գնացեք, ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներին ու նրանց թիմերին։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռի կյանք են ունեցել։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պայքարել, պայքարում ու պայքարելու է»։

Բացի ավանդական և ծանոթ կուսակցություններից՝ 2026-ի ընտրություններին ընտրողները նաև նոր անուններ են լսելու։ Ամենայն հավանականությամբ քվեաթերթիկում կլինի, օրինակ, «Առաջարկ Հայաստանին» դաշինքի անունը, որի առանցքային կերպարը, չի բացառվում, լինի Գագիկ Ծառուկյանը, իսկ «Հայաստանը ես եմ» դաշինքի նախաձեռնողները պնդում են, որ իրենց ուժի հետևում ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Արևմուտքը։

Քաղաքական ուժերից և միավորումներից հնչած նախընտրական մոտ երկու տասնյակ հայտով, ակնհայտ է, որ գործընթացը չի սահմանափակվի, և կներկայացվեն նոր հավակնություններ։ Ինչ վերաբերում է իշխող քաղաքական ուժին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններից իր ակնկալիքն արդեն ձևակերպել է․

«Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք և ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել։ Ընդ որում, կապ չունի` ես վարչապետ եմ եղել, պատգամավոր, թե ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ, և ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»։

«Ժողովրդի ջախջախիչ հաղթանակ» ասելով՝ իշխող թիմում նկատի ունեն իրենց հաղթանակը։ Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը մտադիր է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու, հետո նախաձեռնելու համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար։ Իշխող թիմը նախընտրական շրջանում ներկայանալու է որպես խաղաղություն բերած և բերող քաղաքական ուժ։  

Leave a Comment