Ուկրաինան 20 կետանոց խաղաղության համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը կամ կանցկացնի համազգային հանրաքվե, ինչպես նաև կարող է որոշում կայացնել երկրում ընտրություններ անցկացնելու մասին հանրաքվեի հետ միաժամանակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան այս համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը ևկամ կանցկացնի համազգային հանրաքվե՝ «այո» կամ «ոչ» ձևաչափով հաստատման համար։ Ուկրաինան կարող է որոշել ընտրություններ անցկացնել հանրաքվեի հետ միաժամանակ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։
Ավելին, նրա խոսքով, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեն միայն համաձայնագրի լրիվ վավերացման կամ հանրաքվեով դրա հաստատման դեպքում։ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, մասնավորապես, ներառում է. Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անվերապահ չհարձակման մասին համաձայնագիր, Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքներ, խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը 800,000-ի սահմաններում պահպանել, ԵՄ-ին անդամակցությունը որոշակի ժամանակահատվածում և կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։
Նախատեսվում է նաև, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ, նման ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին: Ռուսաստանը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ իր չհարձակման քաղաքականությունը կամրագրի բոլոր անհրաժեշտ օրենսդրական ակտերում: Նախատեսվում է նաև մի քանի հիմնադրամների ստեղծում՝ Ուկրաինայի վերակառուցման հարցերը լուծելու համար՝ 800 միլիարդ դոլար հայթայթելու նպատակով: