Սամվել Բաբայանի եւ Տիգրան Խզմալյանի արածը նողկալի է, մի քանի անգամ չեն ծանրակշռել իրենց խոսքը․ Գագիկ Մինասյան

«Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, դա մեր ամոթն է։ Աշխարհում ցանկացած երկիր ամեն ինչ անում է իր գերիներին մեկ րոպե շուտ վերադարձնելու համար եւ երկրի վարկը դրանով է պայմանավորված»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Բաքվում շինծու դատավարությունների ավարտի մասին։ Գագիկ Մինասյանի պնդմամբ՝ Հայաստանն՝ «ազգակործան պատուհասի գլխավորությամբ, դրա համար ոչինչ չի անում, միայն սին խոստումներ են տրվում գերիներին վերադարձնելու մասին»։

Հիշեցնենք, Բաքվի դատարանում արդեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերեւարված անձանց վճիռներն են հրապարակվում․ որոշները դատապարտվում են 15-25 տարվա ազատազրկման, որոշների համար նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Իսկ երեկ, հենց դատարանում, գերեւարված Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունն էր վատացել․ նա տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Նիկոլ Փաշինյանն օրերս ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում շնորհակալություն էր հայտնել Իլհամ Ալիեւին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման համար։ Գագիկ Մինասյանը տարակուսած է, քանի որ այդ հարթակը պետք էր օգտագործել ոչ թե Ալիեւին շնորհակալություն հայտնելու, այլ գերիներին վերադարձնելու հարցը մեկ քայլ առաջ մղելու համար։ Նա բնական է համարում ԵԱՏՄ անդամ այլ երկրների ղեկավարների՝ Հայաստանի նկատմամբ քամահրական վերաբերմունքը, «Հայաստանից սեփական բաժինը վերցնելու» տրամադրությունները, քանի որ դա բխում է հենց ՀՀ իշխանության՝ սեփական երկրի եւ քաղաքացիներին, ազգակիցների նկատմամբ վերաբերմունքից։

«Սա մեծ ամոթ է մեզ համար, բայց ես առավել քան համոզված եմ՝ կգա ժամանակը եւ այդ մարդիկ արժանի պատասխան կտան իրենց արարքների համար»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ նողկալի որակելով նաեւ այն, որ Տիգրան Խզմալյանը եւ Սամվել Բաբայանը՝ համագործակցելով ադրբեջանական ծրագրի շրջանակներում՝ մի քանի անգամ չեն ծանրակշռել իրենց խոսքը․ «Եթե դու դա չես արել, անկախ նրանից, թե երբ եւ ինչ ես ասել, դու արդեն մեղավոր ես։ Ինչպես նրանց, այնպես էլ շատ-շատերի մասին մենք կիմանանք իրականությունը, երբ այս ազգակործան պատուհասի իշխանությունը տապալվի։ Այդ մարդկանց բոլոր արարքների մասին՝ ոչ միայն արցախահայերի բռնի տեղահանումից հետո, այլ դրանից առաջ, որովհետեւ կան բազմաթիվ խոսակցություններ այն մասին, որ այսօր հովանավորվող բավական մեծ թվով մարդիկ իրենց մեծ ներդրումն են ունեցել այն ամենի մեջ, ինչը որ տեղի ունեցավ Արցախում՝ 2018 թվականից»։

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ում՝ ՌԴ նախագահին ուղղված շնորհակալությանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի համար, Գագիկ Մինասյանն ասաց․ «Ինքը մեկ խնդիր է լուծում՝ գեթ մեկ օր երկարացնել իր իշխանությունը։ Իսկ եթե իրեն հաջողվի 2026 թվականին այդպիսի ազգակործան քայլերով գալ իշխանության, ինքն ընդհանրապես կվերացնի մեր պետությունը՝ դառնալով պետության կառավարիչը։ Բանաձեւը մեկն է՝ բոլորի հետ ինքը կհամագործակցի, բոլորին տալով խոստումներ՝ ակնկալելով մեկ բան՝ 2026-ին մնալ իշխանության»։

Այս ամենի լուծումը Գագիկ Մինասյանն այսպես է տեսնում․ «Աշխարհում ոչ մեկը ավելի հայասեր չի կարող լինել քան հայ ժողովուրդը։ Պետք է բոլորս միավորվենք՝ անկախ այն բանից, թե ինչպիսի կողմնորոշում ունենք, որովհետեւ ուրիշները մեր փոխարեն դա չեն արել եւ չեն անելու։ Մեկ օր, երկու օր, երեք օր մեզ չեն նկատի, չորրորդ օրն արդեն կնկատեն եւ մեզ կօգնեն»։ Այլապես, ըստ նրա, պետությունները կառաջնորդվեն իրենց շահերով, ինչը բնական է եւ ինչը կարող է չհամընկնել ՀՀ-ի շահերին․ հայ ժողովրդի շահը մենք պետք է առաջ մղենք։

Ի դեպ, Գագիկ Մինասյանը կարծում է, որ ռուս ուղղափառ եկեղեցուն պատիվ կբերի կոշտ հակազդեցությունն այն ամենի նկատմամբ, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այդ կառույցից որեւէ հայտարարություն դեռ չի հնչել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment